Ծրագիրն իրականացվում է «Լուդենդո Գրուփ» ընկերության նախագահ Ժան-Միշել Գրինբերգի և «Բերենիկ և Եվրելիա» ընկերության նախագահ Միշել Փազումյանի նվիրատվություններով` ի հիշատակ Հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարրի, ով կյանքի վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել Հիմնադրամի արցախյան ծրագրերում:
Նշենք, որ մանկապարտեզը գործում է գյուղի նախկին դպրոցի մասնաշենքում, որը կառուցվել է նախորդ դարի երեսունական թվականներին:
«Հայաստան» հիմնադրամից տեղեկացնում են, որ այժմ ընթանում են շենքի հիմքի կառուցման աշխատանքները: Շենքի առաջին և երկրորդ հարկերում նախատեսվում է կառուցել հանդերձարաններ, խաղասենյակներ, ննջարաններ` նախատեսված մանկապարտեզի 80 երեխայի համար: Շենքն ապահովված է լինելու նաև խոհանոցով, լվացքատնով, բուժկետով, սանհանգույցներով, ինչպես նաև ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգերով: Մանկապարտեզը ունենալու է նաև բացօթյա խաղահրապարակներ:
«Մեր երեխաներն ապրում են նրանք մայրաքաղաքում, թե հեռավոր գյուղերում, արժանի են անհոգ ու գեղեցիկ մանկության»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Գյուղը և մանավանդ երիտասարդ ընտանիքները վաղուց էին սպասում այս մանկապարտեզին: Ամեն օր իրենց հոգսերի հետ կռիվ տվող ծնողների համար շատ կարևոր է իմանալ, որ իրենց երեխաները ոչ միայն հոգատար ձեռքերում են, այլև օրվա մեծ մասն անցկացնում են ապահով ու լավ պայմաններում» -ասել է մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հարությունյանը:
Նշենք, որ այս ծրագիրը Ֆրանսիայի տեղական մարմնի` դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգման ու կահավորման բազմաթիվ ծրագրերից մեկն է:
Հիշեցնենք, որ կրթական հաստատությունների կահավորման ծրագրերը Ֆրանսիայի տեղական մարմինն առավել համակարգված ձևով սկսել է իրագործել 2004 թվականից: Միայն 2009-ին ֆրանսահայերի հովանավորությամբ կահավորվել է 103 դպրոց Հայաստանում ու Արցախում` ավելի քան 10000 աշակերտի ապահովելով հարմարավետ ու գեղեցիկ կահավորված դասասենյակներով: Առ այսօր Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ համայնքի շնորհիվ 26000 երեխա դպրոցներում ու մանկապարտեզներում ապահովվել է նոր կահույքով:
/Aysor.am/