Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Վերջին շրջանում ավանդական ջերմ եւ բարեկամական հայ-լեհական հարաբերությունները առավել ակտիվացել են ` մեր երկրների միջեւ ընթանում է բարձր մակարդակի պարբերական քաղաքական երկխոսություն, ընդլայնվում են տնտեսական համագործակցությունը եւ մշակութային փոխանակումները: Այս այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու հայ-լեհական համագործակցության ընթացիկ օրակարգը, նախանշելու նոր ծրագրեր»:
Լեհաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ասաց, որ Լեհաստանը կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացումը, առկա ներուժի օգտագործումը եւ իր այցի հիմնական նպատակն է գործուն քայլեր կատարել այդ ուղղությամբ:
Նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին գոհունակությամբ արձանագրեցին համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ:
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ, կարեւորեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը` որպես արդյունավետ համագործակցության եւս մեկ ձեւաչափ:
Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ պայմանավորվեցին այդ նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկեցին տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը: Նախարարներն անդրադարձան նախորդ օրը Երեւանում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին:
Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ընթացքի եւ այդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ: Երկուստեք կարեւորվեց Արեւլյան գործընկերության ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը եւ բազմակողմ համագործակցության ծավալումը:
Բանակցությունների օրակարգում էին Հարավային Կովկասի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Երկուստեք նշվեց, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը:
Լեհաստանի արտգործնախարարը այցելեց նաեւ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ուր ծաղկեպսակ դրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին:
/Aysor.am/