«Ի տարբերություն Ադրբեջանի, մեր երկրում երբեք մարդատյացություն չի քարոզվել: Ցավալի է, որ 21-րդ դարում կա այնպիսի պետություն որտեղ պետական մակարդակով թշնամություն, ատելություն է սերմանվում կամ ինչ որ ռասիստական դրսևորումներ բացահայտվում»,- մեկնաբանելով Ադրբեջանի վերաբերյալ, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկուցը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանի կողմից իրականացվող այն քաղաքականությունը, ինչի մասին նշված է զեկույցում, հատուկ է վայրի, քաղաքակրթությունից հեռու պետություններին:
«Գիտեք, և՛ այս զեկույցը, և ԵՄ՝ Ադրբեջանի վերաբերյալ ընդունված կոշտ բանաձևը, ինչպես նաև համանախագահ երկրների նախագահների Դովիլյան հայտարարությունը ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը գնալով ավելի կոնկրետացնում Ադրբեջանին ուղղված իր կոչերն ու քննադատությունները: Միջազգային հանրության այս մոտեցումները ցույց են տալիս, որ Հայաստանին ու Ադրբեջանին չպետք է նույն հարթության մեջ դիտել»,- եզրակացրեց պատգամավորը:
/Panorama.am/
|