Նրա խոսքով, բազմաթիվ փաստեր կան, որոնք ապացուցում են եկեղեցու հայկական լինելը, այդ թվում` վրացերեն արձանագրության բովանդակությունը: Կարապետյանը հավաստիացրեց, որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու մասին առաջին հիշատակումները եղել են հենց հայկական աղբյուրներում, և եկեղեցին միանշանակ հայկական է։
Ս. Գևորգ եկեղեցու անցած տարվա վերջնական փլուզումից հետո վրացական կողմը մաքրման աշխատանքներ իրականացնելու պատրվակով հանել է պատերի բոլոր խոշոր աղյուսները և դրանց վրայից` հայկական ամեն հետք մաքրելու համար, ասֆալտ փորելու տեխնիկայով մանրացրել դրանք։ Հուշարձանագետի խոսքով, եկեղեցու հիմքը քանդում են հորատման սարքերով, որի հետևանքով ավերվում են քարերը` եկեղեցու վերանորոգումը դարձնելով անհնարին:
«Սա ծանոթ ձեռագիր է և սպասելի էր, որ վրացական կողմը հենց այդպես էլ պետք է վարվի: Մի քանի տարի անց Թբիլիսիում գտնվող Ս. Գևորգ եկեղեցու փոխարեն վրացական նոր եկեղեցի է կառուցվելու»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ դա է այդ եկեղեցու վերջնական ճակատագիրը, եթե հայկական կողմը համապատասխան միջոցառումներ չձեռնարկի:
«Բոլոր ժամանակներում էլ մենք անտարբեր ենք եղել մեր մշակութային ժառանգության հանդեպ, ինչի հետևանքով Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիներից շուրջ 50-ը աղետալի վիճակում են: Վրաստանում հայկական եկեղեցիների անմխիթար վիճակի հանդեպ անտարբեր է նաև մեր պետությունը»,- ասաց Ս. Կարապետյանը:
«Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգը հիմնադրվել է 1356-ին։ Այն լուրջ ավերածությունների է ենթարկվել արդեն 1795-ին, իսկ XVIII-րդ դարում եկեղեցու հին հիմքերի վրա կառուցվել է ավելի մեծ` մեկ այլ եկեղեցի»,- հիշեցրեց հուշարձանագետը:
Նրա խոսքով, Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու պատերին առաջին անգամ ճաքեր նկատվել են 1980-ականներին, սակայն մինչև 1989-ը շինությունը ծառայել է իբրև ժողովրդական արվեստի թանգարան։
Նշենք, որ Վրաստանի մշակույթի հուշարձանների պահպանության և սպորտի նախարարությունը 26 հազար դոլար է տրամադրել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու համար:
/Aysor.am/