Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրները: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, տնտեսական, ֆինանսական վիճակը, երկրի սպասելիքներն ու ակնկալիքները: Խոսվել է Ուկրաինայում ընթացող բարեփոխումների մասին: Ներկայացվել են առկա մակրոտնտեսական ցուցանիշները եւ Ուկրաինայի վարչապետի գնահատականները, թե իրենք ինչ ցուցանիշներով են ծրագրավորում ավարտել տարին: Խոսվել է տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության, նաեւ միջազգային կազմակերպություներում ավելի համագործակցված աշխատելու մասին:
Երկկողմ հարաբերությունների խնդիրն է քննարկվել նաեւ Տ.Սարգսյանի եւ Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանի հանդիպմանը: Նշվել է, մասնավորապես, թե ինչ առաջնահերթություններ ունի Հայաստանը տնտեսության մեջ եւ որոնք են փոխգործակցության զարգացման առումով ՀՀ-ի համար շահագրգռություն ներկայացնող ճյուղերը: Մասնավորապես առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտները: Կարեւորվել է վերջինում ավստրիական ընկերությունների, օպերատորների փորձը կիրառելու հարցը, որպեսզի Հայաստանում զարգանա նաեւ տուրիզմը Եվրամիությունից, մասնավորապես Ավստրիայից: Խոսվել է ֆինանսական համակարգի մասին: Ավստրիայի վարչապետը հետաքրքրվել է տնտեսական բարեփոխումների, նաեւ ֆինանսական հատվածում ավստրիական կապիտալի մասնակցության խնդիրներով: «Մենք գիտենք, որ Ավստրիան ունի առեւտրային բանկերի կապիտալում մասնակցության փորձ: Մենք առաջարկել ենք նրանց մասնակցել հայկական բանկերի կապիտալում, ինչպես նաեւ ներդրումային հիմնադրամների ստեղծման գործում: 2012թ.-ին կգործեն կամավոր կենսաթոշակային հիմնադրամները, 2014-ից’ պարտադիր կուտակային հիւմնադրամները, իսկ դա նշանակում է, որ առաջատար ֆինանսական ընկերությունները նույնպես կունենան մեծ հետաքրքրություն Հայաստանում աշխատելու գործում»,-նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Հայաստանի եւ Ավստրիայի վարչապետերի հանդիպմանը խոսվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Վ.Ֆայմանը հետաքրքրվել է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումներով, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներով:
/Times.am/
|