Հունիսի 3-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Իտալիայի և ՀՀ ԱԳՆ-ների միջև, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը իր իտալացի գործընկերոջ, սենատոր Ալֆրեդո Մանտիկայի հետ քննարկել է հայ-իտալական հարաբերություններին և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը հատուկ ընդգծել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մանրամասներ կապված ս.թ. դեկտեմբերին Վենետիկի կենտրոնական երեք թանգարաններում միաժամանակ կազմակերպվող բացառիկ ցուցահանդեսի հետ, որը նվիրված է լինելու Հայ գրատպության 500 ամյակին և անցկացվելու է ՀՀ և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո: Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ, սենատոր Ալֆրեդո Մանտիկան նշել է իր երկրի պատրաստակամությունը էլ ավելի խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր բնագավառներում և կազմակերպելու համապատասխան փախայցելություններ, ինչպես նաև Իտալիայի արտաքին գերատեսչության աջակցությունն է հայտնել իտալական Վենետո նահանգի հետ ոսկերչության, գինեգործության և զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում Արման Կիրակոսյանը Հարավային Կովկասի անվտանգության հարցերին վերաբերող դասախոսություն է կարդացել Հռոմի ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում /NATO Defence College/` այդ հեղինակավոր հաստատությունում բարձրաստիճան սպաների համար կազմակերպված հատուկ դասընթացի շրջանակներում:
Դասախոսությունից առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է քոլեջի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վոլֆ Դիտեր Լուզերը /Wolf-Dieter Loeser/, որը բարձր է գնահատել հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը և հատուկ կարևորել է այն հանգամանքը, որ «առաջին անգամ է, որ քոլեջում դասախոսությամբ հանդես է գալիս բարձրաստիճան պաշտոնյա ՀՀ ԱԳՆ-ից»: Դասախոսությունից հետո Արման Կիրակոսյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:
/Panorama.am/
|