Թուրքիայի Հոպա քաղաքի վերջին շաբաթվա անկարգությունների արդյունքում կիրակի վաղ առավոտյան 6 մարդ է ձերբակալվել` անվտանգության աշխատակիցներին դիմադրելու և հանրային սեփականությանը վնաս հասցնելու մեղադրանքով: Եվս 10 մեղադրյալներ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Այդ մասին տեղեկացնում է «Hürriyet Daily News»-ը:
Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել երեքշաբթի օրը Վրաստանին սահմանակից Հոպա քաղաքում` մինչ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը:
Ըստ տեղեկատվության` բախումների ընթացքում 54-ամյա թոշակի անցած ուսուցիչ Մետին Լոկումջուն ոստիկանության կողմից արձակած արցունքաբեր գազի արդյունքում սրտի կատվածից մահացել է:
«Ժողովրդա-Հանրապետական» կուսակցությունը (CHP), Իզմիրի պատգամավոր Ահմետ Էրսինը, ով նաև Խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև Արթվինի պատգամավոր Մեթին Արիֆաղաօղլուն կիրակի օրը ժամանել են Հոպա` տեղացիներից և տեղական ղեկավարության ներկայացուցիչներից միջադեպի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:
Ահմետ Էրսինը ընդգծել է, որ Հոպայի բախումները դարձել են համազգային խնդիր և ընդդիմադիր կուսակցությունը համապատասխան զեկույց է պատրաստելու վերոնշյալ միջադեպի վերաբերյալ:
«Ոստիկանությունը բացասական վերաբերմունք է ցուցաբերել Հոպայի միջադեպին, ինչպես սովորաբար նրանք գործում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների ժամանակ» - նկատել է Ահմետ Էրսինը:
/Panorama.am/
|