«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր մտահոգությունները ճիշտ են` Բրայզան այն անձը չէ, որ պետք է Ադրբեջանում ներկայացնի ԱՄՆ-ն»:
Հիշեցնենք, որ նախօրեին, հուլիսի 22-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սենատորները լսումներ են անցկացրել` քննարկելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հարցը:
Նախ Բրայզան հանձնաժողովականներին է ներկայացրել կնոջը` ազգությամբ թուրք Զեյնո Բարանին ու տեղեկացրել, որ իրենք արդեն ունեն 16 օրական դուստր: Այնուհետև Բրայզան ներկայացրել է իր աշխատանքային գործունեությունն ու դեսպանի պաշտոնում աշխատելու հետագա ծրագրերը:
Բրայզան ասել է, թե Ադրբեջանն ԱՄՆ-ի համար «շատ կարևոր գործընկեր է, ունի էներգիայի մեծ աղբյուրներ, պայքարում է ահաբեկչության դեմ, զորքեր է տրամադրել Աֆղանստանում, Կոսովոյում և Իրաքում»: Իր ելույթում Բրայզան խոստացել է աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը` հիշեցնելով, որ ինքը մի ժամանակ եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
Բրայզային ուղղված` Սենատոր Բարբարա Բոքսերի հարցին, թե արդյոք Ադրբեջանը չի՞ թեժացնում իրավիճակը` հիշեցնելով հունիսի 18-ին ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանքը, որի հետևանքով 4 հայ զինվոր մահացավ և 4-ն էլ վիրավորվեցին, Բրայզան ի պատասխան հիշեցրել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը և հավելել, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Միևնույն ժամանակ, Բրայզան իր հերթին չի դատապապարտել Ադրբեջանին, ինչը ստիպել է Բարբարա Բոքսերին Բրայզայի պատասխանը համարել շատ թույլ:
«Այս լսումները Բրայզայի դիվանագիտական գործունեության մի շարք լուրջ թերություններ բացահայտեցին»,- հայտարարության մեջ նշել է Արամ Համբարյանը` հավելելով, որ Բրայզան իր պատասխաններում ոչ մի փաստարկներ չի կարողացել ներկայացնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների, Ադրբեջանի կողմից Ջուղայի հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ:
/Aysor.am/