Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե հուլիսի 16-17-ին Ալմաթիում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկելու է 5 տարվա ընթացքում Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) հանձնման հարցը։ Նա նաև հավելել էր, թե Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք առաջարկներ է արել, որոնց թվում էր նաև Ադրբեջանին Քարվաճառի (Քելբաջարի) և Լաչինի շրջանների վերադարձը։
-Դա բացահայտ սուտ է,-ի պատասխան այս հայտարարությունների՝ ասել էր ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը։
Անդրադառնալով ստեղծված այս մթնոլորտին՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «7օր»-ին ասել է, որ սա արդեն արտացոլում է, թե ինչ խայտառակ գործընթացներ են գնում դիվանագիտական ճակատում։
-Շատ հնարավոր է, որ ադրբեջանցիները խոշոր բլեֆ են մտել։ Սակայն այդ բլեֆն իրենք վերջին 10 տարիների ընթացքում չէին մտնում, չէ՞։ Այսինքն, այդ առիթը չկար, որ այդ բլեֆը մտնեին։ Այս մթնոլորտի արդյունքում է, որ իրենք այսպիսի խաղեր են տալիս, թե ռուսներն այսպիսի առաջարկություններ են անում և այլն։ Իսկ որ ռուսներն ինչ-որ առաջարկներ անում են, դա նույնպես գաղտնիք չէ, որովհետև վերջերս Գրիզլովը երբ Երևանում էր, հայտարարեց, թե մոտ ժամանակներս Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ առաջարկություններ անել,-ասել է քաղաքագետը։-Ինձ համար ակնհայտ է, որ այս ամենը հետևանք է այն «ֆուտբոլային» քաղաքականության, որի արդյունքում Թուրքիան իր ակտիվ դերակատարությունն ունեցավ այս պրոցեսների մեջ, և ղարաբաղյան պրոցեսը, որ սառեցված վիճակում էր, արդեն մտել է բավական մեծ օրակարգ։
/7or.am/
|