Հուլիսի 12-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Պատվիրակության կազմում եմ «Եվրանեսթում» ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Արտակ Զաքարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Բրյուսել կատարած աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ: Ողջունելով իր գործընկերոջը` Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերը նշեց, որ Բելգիան մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ թե երկկողմ եւ թե բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նա անհրաժեշտ համարեց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, ինչին մեծապես նպաստեց նաեւ 2009 թ. իր պաշտոնական այցը Երեւան: Սենատի նախագահը հույս հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի հաջորդ այցը Բրյուսել կլինի պաշտոնական եւ վերահաստատեց պաշտոնական այցի իր հրավերը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց վերջին շրջանում Հայաստանի և Բելգիայի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: Պարոն Աբրահամյանը կարեւորեց երկու խորհրդարանների միջեւ գործակցութան զարգացումը ու խորացումը, փոխգործակցությունը ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում, ինչպես նաև Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրախորհրդարանի հովանու ներքո իրականացվելիք ՙԵվրանեսթ՚-ում: Նա կարեւորեց նաեւ համագործակցության ակտիվացումը առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում: ԱԺ նախագահը ընդգծեց միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցած տարիներին Բելգիայի արդյունավետ նախագահությունը` վստահություն հայտնելով, որ Բելգիայի նախագահությունը Եվրամիությունում եւս կլինի արդյունավետ: Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձրաստիճան առաջին հայ պաշտոնյան է, ով այցելեց Բրյուսել Բելգիայի Եվրամիությունում նախագահությունը ստանձնելուց հետո:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Պարոն Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցերում: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, ինչին մեծապես խոչընդոտում է Ադրբեջանը ավելի հաճախ հնչող իր ռազմատենչ հայտարարություններով: Նա մտահոգություն հայտնեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի գործողություններին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Արման դը Դեկերը բարձր գնահատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի համարձակ եւ նախաձեռնողական քաղաքականությունը` նշելով, որ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումը հիասթափություն առաջացրեց Եվրամիությունում: Սենատի նախագահը շեշտեց, որ Բելգիայի խորհրդարանը միշտ Հայաստանի կողքին է, ինչի մասին փաստում է նաեւ 1998 թ. Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Հովիկ Աբրահամյանը Արման դը Դեկերի ուղեկցությամբ շրջայց կատարեց Սենատում, եղավ նիստերի դահլիճում: ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում: Հանդիպման վերջում երկու խորհրդարանների ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Ամփոփելով հադիպումը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Բելգիայի հետ քաղաքական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնեց, որ այսուհետ եւս համագործակցությունը բոլոր ուղղություններով ավելի կզարգանա եւ կխորանա: Նա ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման քաղաքականությունը եւ շարունակում է ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, պարոն Աբրահամյանը նշեց, որ եվրոպական և միջազգային կառույցներում զգացվում է ճշգրիտ տեղեկատվության պակաս:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցին պարոն Դեկերը պատասխանեց. «Անչափ ափսոսում եմ, որ այդ ակտիվ դիվանագիտությունը չհաջողվեց Թուրքիայի մեղքով, որը նոր պայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն պահին, երբ գործնականում պետք է վավերացներ արձանագրությունները, որոնք արդեն պատրաստ էին, ստորագրված: Հիասթափեցնող է, որ Թուրքիան չցանկացավ ավելի հեռուն գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին` պարոն Դեկերը ասաց. «Եվրամիությունում Բելգիայի նախագահության շրջանում կցանկանայինք խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Կարծում ենք, որ դրանք էական հարաբերություններ են, ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն Եվրամիության համար, որը ցանկանում է բարելավել իր հարաբերությունները մի երկրի հետ, որի հետ կապված ենք նախևառաջ առանձնահատուկ հարաբերություններով. Եվրոպայում շատ գործուն, ակտիվ համայնքով, ինչպես նաև քաղաքական և ռազմավարական շահերով»:
/Aysor.am/
|