Հունիսի 25-ին Կազանում ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությամբ կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև-Դմիտրի Մեդվեդև եռակողմ հանդիպումից Արցախի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ոչ մի հայտարարություն կամ ոչ մի էական բան չի սպասում: Այդ մասին այսօր Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց հենց ինքը` Պետրոսյանը:
Լրագրողի հարցին, թե մասնավորապես, ի՞նչ է սպասում ԼՂՀ արտգործնախարարը եռակողմ հանդիպումից, Գեորգի Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ է լինելու այդ հանդիպման ընթացքում կամ դրա արդյունքում, բայց լուրջ պռառիվ (բեկում) չեմ սպասում»:
Լրագրողների խնդրանքին` գնահատել ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարման տարիներին ԼՂ բանակցային գործընթացները և դրանց ընթացքում արձանագրված առաջընթացները, Գեորգի Պետրոսյանը ձեռնպահ մնաց` ասելով. «Ես չեմ կարող որպես արտգործնախարար գնահատականներ տալ նախագահներին»: Ինչ վերաբերում է այս տարիների բանակցային գործընթացը գնահատելուն, Պետրոսյանը պատասխանեց. «Գործընթացը գործընթաց է, դա դինամիկ գործընթաց է: Վիճակները այն ժամանակ ուրիշ էին, հիմա ուրիշ են, վաղը կլինեն ուրիշ: Ամեն մի իրավիճակում դու կարաս ընդունես շահեկան դիրք, նայած թե ինչ ես և ոնց ես դա անում»:
Հարցին, թե 1997-ին Լիսաբոնից հետո կա՞ր շահեկան դիրք, Արցախի արտգործնախարարը պատասխանեց. «Հազիվ թե, հազիվ թե»: /Panorama.am/
|