Ըստ բանախոսի` Ալմաթիում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ու դրան հետևած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հայտարարությունը կրկին անգամ վկայում են, որ Բաքուն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը բանակցություններում:
«Ադրբեջանը միջազգային իրավունքի նոր նորմեր է որոշում, և փորձում այդ որոշումները պարտադրել հայկական կողմին` Լեռնային Ղարաբաղի հայությանը: Դա միջազգային հանրության կողմից անընդունելի է և այդ որոշումները որևէ մեկի համար չեն կարող ազդեցություն ունենալ»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Ադրբեջանի շարունակական հայտարարություններին, թե Ղարաբաղյան կարգավորումը լուծում կգտնի, եթե «ազատագրվեն ադրբեջանական տարածքները», Գ. Մելիքյանը շեշտեց, որ Հայաստանի կողմից ոչ մի տարածք չի զավթվել, որ ազատագրվի:
«Հայաստանը երբևը Ադրբեջանի տարածքներ չի օկուպացրել և որևէ տարածք չունի վերադարձնելու: Այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իրեն պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված տարածքներ են և հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժանելի մասը`իր սահմանադրությամբ, և նման հարցեր կարող են քննարկվել միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ»,- ընդգծեց նա:
Պատգամավորը խոսեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարության մասին, թե «եթե կա անկախ Հայաստան, էլ ի՞նչ անհրաժեշտություն կա անկախ Արցախի», և հայտարարեց.
«Իսկ եթե կա անկախ Թուրքիա, աշխարհի ինչի՞ն է անհրաժեշտ անկախ Ադրբեջանը: Ո՞վ է Ադրբեջանը, որ իրեն վերապահում է որևէ բան թելադրելու իրավունք»,- ասաց ԱԺ պատգամավորը:
/Aysor.am/