«Ադրբեջանահայերի ասամբլեա» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը` ի դեմս դրա նախագահ Գրիգորի Այվազյանի հանդես է եկել բաց նամակ-հայտարարությամբ` դիմելով բոլորին:
«Ադրբեջանահայ վտարանդի համայնքը խստիվ դատապարտում է որոշ նախկին հայ գործիչների միջամտությունն Ադրբեջանահայ համայնքի ներքին գործերին: Մեզ համար անընդունելի է նրանց կողմից փախստականների հարցի շահարկումը ներքին քաղաքականության ասպարեզում հանուն սեփական մահացած քաղաքական կարիերայի վերակենդանացմանը: Ուստի մենք չենք ճանաչում այսպես կոչված Ադրբեջանահայության համագումարի լեգիտիմությունը և իրավունքը հանդես գալ ողջ Ադրբեջանահայության անունից: Նրանց անվանումն անգամ յուրացված է մեզնից գրագողության կարգով: Մեր և նրանց միջև ոչ մի ընդհանրություն չկա, քանզի տարբեր են մեր նպատակները:
Այս ինքնակոչ գրագողերի գործունեությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանահայ փախստականների իրական շահերի պաշտպանության հետ: Գոյություն ունի Ադրբեջանահայերի միայն մեկ իսկական շարժում, և դա մեր շարժումն է: Հայաստանի ներքաղաքական դաշտում մենք ոչ մի թշնամի չունենք, մեր միակ թշնամին Ադրբեջանում իշխող հանցավոր բռնատիրական վարչակարգն է»:
Նշենք, որ նախօրեին կայացել է ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի երկրորդ լիագումար նիստը: Զեկուցողներն են եղել Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի փորձագետներ ներկայացված Վարդան Խաչատրյանը, Հրանուշ Խառատյանը, Անդրիաս Ղուկասյանը, ադրբեջանահայ Արարատ Ծատուրյանը:
/Panorama.am/
|