«Ընտրությունները բավականին դրական էին Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» համար, քանի որ պատմության մեջ շատ քիչ կան նման կուսակցություններ, որոնք լինելով իշխող կուսակցություն, իրենց տեղերը օրենսդիր մարմնում ոչ միայն չեն պակասեցնում, այլև աճեցնում են, բայց Էրդողանի համար իրականում այն պարտություն էր», - մեկնաբանելով Թուրքիայումկայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Փորձագետը նշեց, որ Էրդողանը բավականին բարձր շեմ ուներ, որին նա չհասավ: «Այժմ նրա գլխավորած կուսակցությունը 326 պատգամավորական տեղ ունի, որը բավարար չէ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար: Ընտրությունները լավ էին այն առումով, որ այսօրվա խորհրդարանն ավելի բալանսավորված ու հավասարակշռված է, և ընդդիմադիրներն ավելի շատ ձայն ունեն:
Յուրահատուկ ընտրություններ էին այնքանով, որ քրդերը ստացան 35 անկախ պատգամավորական տեղ: Պատմության մեջ առաջին անգամ քրդերն այսպիսի մեծ ներկայացվածություն են ունենում խորհրդարանում, ուստի կկարողանան բարձրաձայնել իրենց խնդիրները», - ասաց թուրքագետը:
Ա. Շաքարյանի կարծիքով, Էրդողանը ձգտելու է ինչ-ինչ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել քրդերի հետ:
«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, մեծ բան չի փոխվելու: Նրանք փորձելու են գնալ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը, բայց ամեն անգամ շեշտելով Ադրբեջանի շահերը և ամենևին հետ քայլ չկատարելով այդ շահերից », -ասաց փորձագետն ու այնուհետ մեկնաբանեց, որ նախ նրա համար, որ ազգայնականները ներկա են խորհրդարանում, և բացի այդ «Արդարություն և զարգացում կուսակցության» նախընտրական քարոզարշավի ժամանակ ասվել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար ռազմավարական գործընկեր է և Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ հետ քայլ չի արվելու:
Թուրքագետի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում որոշ տեղաշարժեր հնարավոր են, բայց այն մեծապես կախված է հայ-ադրբեջանական հարաբերություններից ու Կազանում սպասվող նախագահների հանդիպումից:
/Panorama.am/
|