1991 թվականի պարերազմի ամենաթեժ շրջանն էր, երբ Հարությունն անդամագրվեց «Աշոտ երկաթ» ջոկատին ու նրա կազմում, որպես ջոկատի հրամանատար, մասնակցեց մի շարք բախտորոշ ճակատամարտերի ու հայկական բնակավայրերի ազատագրմանը: Ազգային բանակի կազմավորման առաջին իսկ օրվանից նա զինվորագրվեց և ծառայության անցավ Հայաստանի զինված ուժերում:
Սկզբում ծառայում էր հատուկ նշանակության զորամասում, որտեղ սովորեց զինվորական հետախույզի մասնագիտությունը, ապա տեղափոխվեց «Սիսական» գունդ: Այդ գնդի կազմում էլ Հարությունը մասնակցեց հանրապետության սահմանամերձ գյուղերի պաշտպանության համար մղված մարտերին:
Հարությունի ընկերները սիրով և հպարտությամբ են հիշում իրենց մարտական ընկերոջ մասին: Հիշում են, թե որքան քաջ էր նա մարտի դաշտում, ինչպիսի վարպետությամբ էր տիրապետում զինվորական մասնագիտությանը: Նա ուժեղ բնավորություն ուներ, հաստատակամ էր, վճռական, կարգապահ ու պարտաճանաչ, ծայրահեղ իրավիճակներում պատասխանատվությունը վերցնում էր իր վրա և համարձակ որոշումներ կայացնում:
- Վիշտս ծանր է, անամոք, - ասում է տիկին Էմման, - բայց, միևնույն ժամանակ, իմ սգացող սրտում կա մի մեծ հպարտություն, որ խիզախ, հայրենասեր, առաքինի որդի եմ ծնել: Որ իմ տղան իր կյանքը նվիրաբերեց Հայրենիքին: Հպարտ եմ, որ այսօրվա խաղաղության մեջ որդիս իր բաժինն ունի, որ մեր Արցախը ազատագրվել է նաև որդուս թանկ կյանքի գնով:
Հարությունը երազում էր ճանաչված մարզիկ դառնալ: 1989 թվականին ձյուդոյի մրցույթներում երիտասարդ մարզիկը ցույց տվեց փայլուն արդյունք և գրավեց առաջին տեղը: Նրա հետ մարզիչները մեծ հույսեր էին կապում, բայց նրա հաջորդ հաղթանակները նվաճվեցին հայրենի հողի ազատագրման մարտդաշտերում:
Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ