Հրամանատարությունը Համլետ Մինասյանին, որպես փորձառու զինվորականի, նշանակեց Էրքեջ-Մանաշիդի բարձրունքներից Թոդանի գրոհի կրակային օժանդակությանը ուղղություն տվող, և նա անմիջականորեն չպետք է մասնակցեր մարտերին:
- Նրանց բազմատեսակ սպառազինության դեմ, մեր ամենամեծ զենքը գնդացիրն էր ու մի հատ էլ նռնակակնետ,- հիշում է «Տիգրան մեծ» ջոկատի ազատամարտիկ Հայկ Դանիելյանը,- Ամեն ինչ լավ էր ընթանում, բավականին ռազմավար էինք վերցրել, երբ Մանաշիդից օգնության հասած ջոկատից ռադիոկապով հայտնեցին, որ ծանր վիրավորված Համլետին, Դևին ու Արարատին թրթուռավոր տրակտորով բերում են:
Էրքեջից Թոդան մտնողներից և ոչ մեկը չէր նկատել, թե ինչպես էր Համլետը նետվելը գրոհի: Օգտվելով կրակային պատրաստության դադարից, առանց որևէ մեկին տեղեկացնելու, նա շտապել էր կռվի դաշտ, մարտնչելով հասել մինջև գյուղի մյուս ծայրը, որտեղ էլ, Սարիսուից թուրքերին օգնության եկած ու դարանակալած ջոկատի նշանառության թիրախն էր դարձել:
Բժիշկներն ամեն ինչ արեցին Համլետի կայնքը փրկելու համար, բայց նրա կրծքին դիպած գնդակներից մեկը վնասել էր մայր զարկերակը:
Համլետ Մինասյանն ավարտել էր Երևանի թիվ 62 դպրոցը, այնուհետև սովորել Կամենեց-Պոդոլսկին ռազմա-ինժեներական ուսումնարանում ու ստացել ինժեներ-սակրավորի որոկովորում: Ուսումնարանն ավարտելուց հետո նա ծառայել էր խորհրդային բանակի Կամչատկայում, Սախալինում, Վլադիկավկազում և Հյուսիսային Կովկասում տեղակայված մի շարք զորամասերում: Երբ 1988 թվականին սկսվեց հայ ազատագրական պայքարը, նա վերադարձավ Երևան ու կանգնեց իր ազգի կողքին: Համլետ Մինասյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Շահումյանում, երբ օգնության հասած ընկերնեըը, վերքերը մշակելու նպատակով, հանում էին Համլետի հագուստները, նրա ծոցագրպանում հայտնաբերեցին մի ծալծլված թղթի կտոր, որի վրա գրված էր.
«Ու եթե ընկնեմ հանուն Արցախի,
Շաղ չտաք շիրմիս ծաղիկներ ու լաց,
Տղերք, ջնջեցեք թշնամուն վայրի,
Որ հայոց հողում ես ննջեմ խաղաղ:
1991 թվական, 10 դեկտեմբերի,գիշեր, Էրքեջ…»
Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ