«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ոսկանապատ.ինֆո» (www.voskanapat.info ) պորտալի ղեկավար ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
-Պատերազմի չվերսկսման հարցում Ռուսաստանի շահագրգռված չլինելու առումով ամեն ինչ, կարծեք, պարզ է: Իսկ ի՞նչ հիմնական գործոնների վրա է հիմնվում Արցախի հիմնախնդրի ուժային լուծման տարբերակը բացառելու մյուս համանախագահների մոտեցումը: -Ինչ վերաբերում է Եվրոպային (ի դեմս Ֆրանսիայի), ապա այնտեղ եւս հրաշալի հասկանում են, որ Անդրկովկասի արեւելքում պատերազմի վերսկսումն անխուսափելիորեն կհանգեցնի մեր տարածաշրջանից դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման ընդհատմանը: Ընդ որում, հեռանկարային տեսանկյունից, նման տարբերակի հետեւանքը կարող է լինել նաեւ Կենտրոնական Ասիայից էներգակիրների մատակարարման ընդհատումը: Եւ էներգակիրների մատակարարումը կընդհատվի ճիշտ այնքան, որքան կտեւի ենթադրյալ պատերազմը:
Ավելին, եթե նույնիսկ Ադրբեջանը հանկարծ ինչ-որ տարածքային առավելություններ ստանա այդ ենթադրյալ պատերազմում, ապա էներգակիրների մատակարարման ընդհատումը տասնամյակներ կտեւի: Դեպքերի նման զարգացման պարագայում, հայկական կողմը հնարավորություն ունի թույլ չտալ ագրեսորին հարստանալ մեր տարածքների շահագործման միջոցով: Եվրոպայում սա գիտակցում են:
Միաժամանակ ԱՄՆ-ն Ադրբեջանն այսօր դիտարկում է որպես իր ռազմական ռազմավարական հենակետերից մեկը, եւ ոչ միայն Իրանի առնչությամբ (թեպետ առաջին հերթին հենց այդ առումով), այլեւ, մասնավորապես, Աֆղանստանի: Ադրբեջանն ունի 6-7 ռազմական օդանավակայաններ, որ պատրաստ են ընդունել ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռները: Ադրբեջանը գտնվում է ճանապարհների հրաշալի խաչմերուկի վրա, ուստիեւ այսօր ԱՄՆ-ի համար Ադրբեջանի առկայությունը, որպես ռազմական բազայի, մեծ նշանակություն ունի:
Պետք է ասել, որ ԱՄՆ-ը մի քանի տարի առաջ Ադրբեջանում արդեն տեղակայել էր երկու շարժական ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք ուղղված են դեպի Ռուսաստանի եւ Իրանի տարածք: Բավական հավաստի տեղեկություններ կան, որ այդ բազաներն ընդլայնվելու են, եւ նույնիսկ, որ ԱՄՆ-ը արդեն իսկ Ադրբեջանի տարածքում տեղակայել է «լիլիփեդ» տեսակի ռազմակայան (ըստ էության, ընդգրկուն հենակետ): Ուստիեւ այն պետության տարածքում, որն ԱՄՆ-ի կողմից ընկալվում է որպես ռազմավարական հենակետ, անկասկած, Միացյալ Նահանգներին խաղաղություն է անհրաժեշտ: Հակառակ պարագայում, այդ ամենը ԱՄՆ -ը կարող է մի քանի օրում կորցնել:
-Մնում ենք մենք, այսինքն` Հայաստանի ու Արցախի հանրապետությունները... -Անշուշտ, անդրադառնանք նաեւ Հայաստանի եւ Արցախի մոտեցմանը: Եթե հակիրճ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ տվյալ դեպքում դա, բնականաբար, նշանակում է նաեւ Հայաստանը, մի°շտ են եղել խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցը: Ըստ որում, հենց առաջին օրից` 1988թ փետրվարի 20-ից, երբ վերամիավորման խնդրանքով դիմեցին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԽՍՀՄ երագույն խորհուրդներին, այն ժամանակվանից մինչ օրս մենք հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք եղել:
Պետք է նկատել, որ 1991-94 թթ. պատերազմը մեզ ուղղակի պարտադրվեց: Այնուամենայնիվ խնդրի խաղաղ կարգավորմանը կողմնակից լինելու մեր դիրքորոշումը հայտնի է, նկատելի է եւ կասկածի տակ չի առնվում: Սակայն այդ ամենը դեռ չի նշանակում, որ պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը միայն պաշտպանվելու է:
-Բարի: Սոչիի եռակողմ հանդիպումից հետո ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին շեշտել, թե Հայաստանը համաձայնել է Արցախի ինքնորոշմանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Որքանո՞վ է դա խելքին մոտ:
-Այդ կարգի խոսակցություններին մեծ ուշադրություն չեմ դարձնում: իտեք «շուկայում մի կին ասաց, որ...» կարգի խոսակցություններն ինձ պարզապես հետաքրքիր չեն: Ովքեր ասում են, թե Հայաստանն ինչ-որ բանի համաձայնել է, ինչ-որ բան է ստորագրել եւ այդպես շարունակ, այդ մարդկանցից ոչ մեկը ներկա չի եղել բանակցություններին, չի ընթերցել քննարկվող փաստաթղթերը, դրանց սեւագրությունները: Այնպես որ ուղղակի անլուրջ են այդ խոսակցությունները:
Մյուս կողմից, Հայաստանն իսկապես երբեք չի հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց: Բայց ե°ւ Հայաստանի, ե°ւ ԼՂՀ պետական կառույցները եւ, ընդհանրապես, ցանկացած ողջամիտ մարդ, խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, նկատի ունի` առանց Ղարաբաղի: Ի դեպ, Ղարաբաղ ասելով, նկատի չունեմ ԼՂԻՄ տարածքը, ես խոսում եմ աշխարհագրական Ղարաբաղի, այլ ոչ թե նրա կտրտված տարբերակի մասին:
Խնդիրն այն է, որ այդ երկրամասը, որն Ադրբեջանին տրվել է սովետական իշխանության կողմից` 1921 թվականին, մինչ այդ երբեք չի պատկանել Ադրբեջանին: Ավելին` ԼՂԻՄ-ը երբեք չի եղել Ադրբեջանի տարածքային կազմում, ո°չ Խորհրդային Ադրբեջանի, ո°չ էլ անկախ Ադրբեջանի: Այն միշտ եղել է ԽՍՀՄ կազմում` Ադրբեջանի սահմաններում, իսկ դրանք միանգամայն տարբեր բաներ են:
Արցախի բնակիչները ԽՍՀՄ անձնագիր են ունեցել, այլ ոչ թե ադրբեջանական, ծառայել են ոչ թե ադրբեջանական բանակում, այլ ԽՍՀՄ, ենթարկվել են ԽՍՀՄ սահմանադրությանը: Նույնիսկ դատախազը, այսինքն` տվյալ վարչական տարածքում օրինականության պահպանմանը հետեւող անձը, նշանակվում էր Մոսկվայի կողմից: Այդ մասին չի կարելի մոռանալ, միշտ պետք է խոսել այս մասին:
Ինչ վերաբերում է զանազան հայտարարություններին առնչվող հարցին, ապա պետք է նկատել, որ չի կարելի լուրջ հետեւություններ անել` բացարձակապես ոչնչի վրա չհիմնվելով:
-Համամիտ եմ, բայց մի շարք մարդիկ, քաղաքական գործիչներ հենց այդպես են հայտարարություններ անում, ոչնչի վրա չհիմնվելով: -Լավ, եկեք այդ բոլոր բանակցությունների արդյունքներին նայենք, այլ ոչ թե սուրճի մրուրի վրա գուշակենք, թե վաղը ինչ են անելու, կամ ինչ են ցանկանում անել, ինչն, ի դեպ, չենք կարող իմանալ: Չգիտենք, թե այս կամ այն հանդիպման ժամանակ բանակցողներն ինչ են խոսել: Բայց մենք գիտենք այդ բանակցությունների արդյունքները, եւ որքան տեղյակ ենք, այս 15-16 տարիներին հայկական կողմը Ադրբեջանին չի նվիրել թեկուզ 1 քառակուսի սմ հայկական տարածք: Մեր զինվորները կանգնած են այնտեղ, ուր կանգնած էին 1994-ի մայիսին` զինադադարի հաստատման պահին: Ըստ որում, այդ պատկերը խախտելու Ադրբեջանի բոլոր փորձերը, այդ թվում` 2008-ի մարտին ձեռնարկած փորձը, կոշտ եւ համարժեքորեն կանխվել են:
Ի լրումն, հընթացս կարող եմ թվարկել 6-7 «տարբերակներ», որ անցած 10-12 տարիներին համառորեն շրջանառվում էին, եւ իբր «ապացուցում» հայկական իշխանությունների դավաճանությունը: Բայց այդ «տարբերակները» ժամանակի հետ արդեն անէության գիրկն են անցել: Զուգահեռաբար «ծագում» են ավելի նրբորեն հղկված «տարբերակներ», որոնք նմանապես ոչ մի բանի վրա հիմնված չեն:
-Ի դեպ, նման մի թարմ «տարբերակ» էլ այն է, թե Մեդվեդեւը Հայաստանի իշխանությանը 2 ամիս ժամանակ է տվել «տարածքներն ազատելու» համար: Սրա՞ն ինչ կասեք:
-Արդեն ասացի` նման բաներին լուրջ չեմ վերաբերվում: Եւ համարում եմ, որ նման խոսակցությունները, կներեք, բայց ներքաղաքական պայքարի «բղկոցներ» են, որոնք իրականության, իրական գործընթացի հետ ոչ մի կապ չունեն:
Ես ավելի շատ հակված եմ հավատալու փաստերին եւ այն արդյունքներին, որոնք մենք տեսնում ենք: Իսկ մենք տեսնում ենք Արցախի խաղաղ զարգացումը եւ այն, որ մեր զինուժը կանգնած է նույն դիրքերում, ինչ զինադադարը հաստատվելու պահին: Եւ ընդհանրապես ավելի շատ վստահեք հայկական կողմի տեղեկատվությանը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ՏԱՊԱԼՈՒՄ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԸ -Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը պաշտոնական Անկարան համառորեն փորձում է ներկայացնել Արցախի հիմնախնդրի հետ փոխկապակցված: Եւ այդօրինակ հայտարարությունները շարունակվում են, չնայած այն իրողությանը, որ թե' Մոսկվայում, թե' Վաշինգտոնում թուրքական իշխանությունը առավել քան հստակ հակադարձում ստացավ հենց այդ հիմնախնդիրների փոխկապակցման հարցում: Հարց է ծագում. իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան այդ ամենից, առավել եւս, որ կա նաեւ հակառակ տեսակետը, թե փոխկապակցման վրա խաղալով, Անկարան հայտնվեց իր իսկ լարած թակար դում:
-Ես վերստին վտանգում եմ իմ նկատմամբ հարուցել ընդդիմության վրդովմունքը, բայց այնուամենայնիվ կասեմ, որ հայ դիվանագիտությունը գերազանցեց թուրքականին:
Եթե Թուրքիան հիմա վավերացնի արձանագրությունները, ապա տեւական ժամանակով եւ լրջորեն կփչացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եթե Թուրքիան չվավերացնի այդ արձանագրությունները, ապա լրջորեն ու տեւական ժամանակով կկորցնի վստահելի քաղաքական գործընկերոջ վարկը, եւ ոչ թե Հայաստանի, այլ ընդհանրապես Եվրոպայի հետ հարաբերություններում:
Այսինքն` Թուրքիան իսկապես հայտնվել է այդպիսի ցուգցվանգի մեջ, որ ինչ քայլ էլ անի, դա կշրջվի ի վնաս իրեն:
Ինչո՞ւ այդպես ստացվեց: Այս հարցին անդրադառնալիս կարեւոր է հասկանալ, թե Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա ներազդելու ինչ հնարավորություններ ունի Ադրբեջանը կամ այդ ազդեցությունն ինչ աստիճանի է հասնում: Մենք քիչ ենք մտածում այս հարցերի մասին, այնինչ Ադրբեջանի այդ ազդեցությունը հսկայական է:
Ադրբեջանը բավական սերտորեն է աշխատում թուրքական ընդդիմության հետ, որը ուժեղ է եւ գործնականում ունի նույնքան ձայներ Թուրքիայի խորհրդարանում, որքան իշխող կուսակցությունը:
Միաժամանակ օգտագործվում է Ադրբեջանի գրեթե ամբողջ ղեկավարության էթնիկ ծագման հանգամանքը` Թուրքիայի հարավ-արեւելքում քրդական ապստամբների ակտիվացման համար: աղտնիք չէ, որ Ադրբեջանում է գտնվում Քրդական բանվորական շարժման «ուղեղային» կենտրոններից, ինչպեսեւ ֆինանսավորման աղբյուրներից մեկը: Կարելի է նույնիսկ ֆինանսավորողների ազգանունները նշել. «Ազերսուն» հոլդինգի սեփականատեր Աբդուլբարի յոզալը եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովը:
Հնարավոր է, կան նաեւ ուրիշները: Նրանք, հասկանալի է, Ալիեւի հավանությամբ, ֆինանսավորում են Քրդական բանվորական շարժումը, եւ դա գաղտնիք չէ ոչ մեկի, այդ թվում` Թուրքիայի համար: Այնպես որ Ադրբեջանը, անկասկած, օգտագործում է այդ տարբերակը, ինչպես նաեւ «ջաֆֆարիդների» կրոնական շարժումը, իսկ դրա անդամների թիվը մի քանի միլիոնի է հասնում: Այդ կրոնական շարժումը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ադրբեջանցիներից:
Արմեն Հակոբյան
Հայոց Աշխարհ օրաթերթ
|