Փետրվարի 17-ին Միացյալ Նահանգներում ԼՂՀ Մշտական Ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություն է կարդացել Վաշինգտոնի Ջորջ Մեյսոն համալսարանի Հակամարտությունների վերլուծության և կարգավորման ինստիտուտում:
«ԼՂՀ-ն բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար», - նշել է Ռ.Ավետիսյանը և հույս հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջիվերջո կառուցողական դիրքորոշում կորդեգրի, ինչը միայն հնարավոր կդարջնի կարգավորումը:
Միջոցառումը, որը վարել է Ինստիտուտի տնօրեն պրոֆ. Անդրեա Բարտոլին, կենտրոնացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման իրավական, քաղաքական և հումանիտար կողմերի, ինչպես նաև Արցախի ձեռքբերումների և զարգացման հեռանկարների վրա: Իր ելույթում Ռ.Ավետիսյանը անդրադարձել է ԼՂՀ կազմավորման պատմությանը, իրավական ասպեկտներին և այն մարտահրավերներին, որոնք կանգնած են նորանկախ ժողովրդավարության առջև:
Ելույթից հետո ԼՂՀ դիվանագետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերվել են հակամարտության տարբեր ասպեկտներին: Եզրափակելով հանդիպումը` Արցախի պատվիրակը վերահաստատեց հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր երկրի հանձնառությունը և ընդգծեց, որ կոնֆլիկտի հանգուցալուծումը կարող է երկարաժամկետ լինել, միայն եթե հաշվի առնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխան գոյության փաստը: /Aysor.am/
|