Այսօր, երբ անցել է 23 տարի, մենք պետք է հստակ ասենք հետևյալը` ոչ միայն սումգայիթյան ջարդերի իրականացնողների հերոսացումը, այլ Գուրգեն Մարգարյանի սպանող Ռամիլ Սաֆարովի հերոսացումը արդեն ինքնին ցույց է տալիս, որ ադրբեջանական ղեկավարությունը, օգտագործել է ցանկացած բան` որպեսզի Արևելյան Անդրկովկասը, որը կոչվել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետություն, հայաթափ անի: Այսինքն` Ադրբեջանը հայաթափման համար է ստեղծվել»,- անդրադառնալով Սումգայիթի փետրվարյան ջարդերի 23-րդ տարելիցին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանի համոզմամբ, այսօրվա սերունդը Ադրբեջանում և Հայաստանում դժվար թե պատկերացնի, թե ինչն էր ամենասարսափելին սումգայիթյան ջարդերի մեջ:
«Այսօրվա սերունդը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում Խորհրդային միություն: Ինչ է նշանակում իրավապահ մարմինների, Ազգային անվտանգության կոմիտեի (КГБ) տոտալ վերահսկողություն: Հնարավոր չէր, որ մի բան տեղի ունենար և դրա մասին չիմանային իրավապահ մարմինները: Արդյո՞ք կարող էին Սումգայիթի բնակիչները ենթադրել, որ ոստիկանությունը, համատիրությունը (ԺԷԿ) կարող են կազմակերպված ձևով նպաստել սպանդին»,- հարցով ավարտեց իր խոսքը պատգամավորը այնուհետև համոզմունք հայտնեց, որ սումգայիթցիները երբեք իրենց եկվորի կարգավիճակում չեն զգացել, որովհետև իրենք են եղել այդ քաղաքի հիմնադիրները:
«Հայերն այնտեղ իրենց չեն զգացել ո´չ ազգային փոքրամասնություն, ո´չ եկվոր, այլ` հիմնադիր»:
«Պատահական չէ, որ երիտթուրքերի կարկառուն դեմքերից մեկն ասել է, որ Ադրբեջանը որպես Թուրքիա ստեղծվում է նրա համար, որ նրանք շարունակեն նույնը, ինչ իրենք արել են մեծ Թուրքիայում»,- նշեց նա:
Պատգամավորի համոզմամբ, Ադրբեջանի ստեղծման օրվանից իրականացվել է հայաթափման քաղաքականություն, որը դրսևորվել է տարբեր մեթոդներով: Հիշատակելով այն ժամանակների վիճակագրությունը, որպես հայաթափման քաղաքականության հիմնավորման փաստական տվյալներ, Ալավերդյանն ասաց. «Եթե նայում ենք ստալինյան ռեպրեսիաների միջոցով Ադրբեջանում տուժած մարդկանց ընդհանուր թվին, ապա ակնհայտ է դառնում, որ գրեթե 90 տոկոսը եղել են հայեր և հրեաներ»:
Սումգայիթի ցեղասպանության իմաստը պատգամավորը բացատրեց հետևյալով, որ «դա քաղաքականություն է, որը դարավոր պատմություն ունի Թուրքիայում և դա Ադրբեջանին փոխանցվել է որպես հրամայական: Այսօր տեսնելով այս ամենը` այլևս պետք է կասկածներ չունենանք, որ դա այդ նույն քաղաքականությունն է. այն ինչ սկսել էին երիթուրքերը դարազկզբին, պետք է ավարտեին արդեն կովկասյան թաթարները: Սա թուրքական քաղաքականություն է և քաղաքականության ձևի մեջ դա 1915 թվականից առաջ և հետո տեղի ունեցածի կրկնությունն է»:
«Այսինքն` այսօր մենք պետք է հստակեցնենք` դա ցեղասպանություն էր: Եվ դա նաև ասում են ոչ հայերը` Հերիշին, Կրիվոպուսկովը, երիտթուրքերը և այլն: Ավելին Ցեղասպանություն գործող և շարունակող պետությունը իրավունքից իրեն զրկել է միջամտելու արցախահայության և Արցախի հանրապետության կարգավիճակի հարցի մասին խոսելուց»,- նշեց պատգամավորը:
Ալավերդյանը փաստեց, որ «Ադրբեջանական հանրապետություն կոչվող միավորը օրինական չի իր սահմաններով, իր Նախիջևանով և ագրեսիայով, ցեղասպանությամբ յուրացված հայկական տարածքներով, հայութափմամբ ու հայրենզրկմամբ»:
Սումգայիթի հարցը իրավունքների խախտման ու վերականգնման հարթության մեջ դիտարկելով, պատգամովրն ասաց, որ որևէ առումով Ադրբեջանին որևէ միջազգային ատյան չի պարտադրել վերականգնել հայերի կրած նյութական, ֆիզիկական վնասը:
«Չեն վերականգնվել գույքային իրավունքի, բոլոր ձևերը և վերջապես հայերը թողել են այնտեղ նյութական և ոչ նյութական արժեքներ: Քանի որ իրենք ժառանգորդն են, զրկվել են այդ ժառանգությունից: Սումգայիթցիները ապրել են իրենց պատմական տարածքներում, իրենք զրկվել են այդ տարածքներից»,- ասաց նա:
Ալավերդյանը նաև նշեց, որ 1988-ից մինչ օրս շարունակվող գործընթացի վերաբերյալ պետք է հստակ խոսել և դիմել միջազգային ատյաններին:
«Եվ վերջապես իրեն նախագահ կոչող ոչ օրինական միավորի ներկայացուցիչ Իլհամ Ալիևը մինչ օրս հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով որոնք կարող են հիմք ծառայել իրեն պատասխանատվության կանչել ցեղասպանական, հայրենազրկման, տեղահանման ուղղակի պատերազմական սպառնալիքների համար»,- եզրափակեց պատգամավորը:
/Panorama.am/
|