Փետրվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի հետ, որի կազմի մեջ ընդգրկված են ռումինական խորհրդարանի երկու պալատների հիմնական քաղաքական ուժերը ներկայացնող սենատորներ և պատգամավորներ: Բարեկամական խմբի նախագահն է պատգամավորՄիհայ Լուպուն (Mihai Lupu):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը ռումին խորհրդարանականներին ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները տարածաշրջանային և եվրոպական լայն համատեքստում, երկրի զարգացման ուղղությունները և հեռանկարները, ինչպես նաև տեղեկություններ տվել հայ-ռումինակաn երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի, օրակարգային հարցերի և նախատեսվող ծրագրերի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն է հրավիրվել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների լիարժեք օգտագործման վրա, ինչը կարող է, օրենսդրական ոլորտում խորհրդակցությունների և փորձի փոխանակմանը զուգահեռ, իր նպաստը բերել տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը: Որպես այդպիսիք նշվել են ապակենտրոնացված մակարդակով կապերի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, կրթական և առողջապահական ոլորտները, տուրիզմը և տեղական արտադրության խրախուսումը:
Ռումին խորհրդարանականները պատրաստակամությամբ արձագանքել են առաջարկներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել տարվա ընթացքում երկու երկրների խորհրդարանականների միջև փոխշփումներ հաստատելու ուղղությամբ:
/Aysor.am/
|