Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ բոլոր վարչական շրջանները կունենան բնակիչների ընդունելության հատուկ օրեր:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչև 17-ը վարչական շրջանների ղեկավարները կկազմակերպեն բնակիչների ընդունելություն: Այս և համաքաղաքային ընթացիկ ծրագրերին առչնվող հարցեր են քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում»:
«Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման խնդրին, քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ամբողջական պատկերի մասով ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Քաղաքապետը հանձնարարել է պատրաստել մրցութային փաստաթղթեր, որպեսզի «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքի» ընդունումից հետո հայտարարվի օպերատորների մրցույթ. «Ժամանակակից քաղաքը պետք է ունենա բոլորովին այլ տեխնիկա և սպասարկման այլ մակարդակ: Հաջորդ տարվա ձմռանն արդեն մեր աղբահանության, սանմաքրման գործառույթները պետք է կատարվեն բոլորովին այլ մակարդակով»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետի որոշակի լիազորությունների պատվիրակման մասով նշվել է, որ այդ գործընթացը շարունակական է լինելու: Քաղաքապետը կարևորել է վարչական շրջանների ղեկավարների և անձնակազմերի գործառույթների կանոնակարգումը, ինչը կնպաստի և հնարավորություն կընձեռի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել:
Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի երթևեկության կառավարման ու կանոնակարգման հետ կապված հարցերին: Հանձնարարվել է արագացնել ծանրաբեռնված խաչմերուկներում և կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման, ժամային նոր գրաֆիկների մշակման և ավտոկայանատեղիների գործունեությունը օրինական դաշտ բերելու գործընթացը: Հանձնարարվել է նաև բյուջետային տարվա համար կանխատեսումներ ներկայացնել ֆինանսական մուտքերի վերաբերյալ:
Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններն արդեն ներկայացրել են 2011թ-ի բյուջեով նախատեսված շինարարության և բարեկարգման ծրագրերը: Արդեն ընթացքի մեջ է գնման հայտերի ներկայացման գործընթացը:
Մայրաքաղաքի դպրոցներում աբոնեմենտային համակարգ ներդնելու ծրագրի հետ կապված հանձնարավել է արագացնել կազմակերպչական աշխատանքները. «Մարտի 1-ից աբոնոմենտային ծրագիրը պետք է աշխատի: Այդ ծրագրի մեջ պետք է նաև ընդգրկել թանգարանները»,-ասել է քաղաքապետը:
Մայրաքաղաքում գործող փակ շուկաների ներսում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով հանձնարարականների շրջանակում զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում», - ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:
/Aysor.am/
|