«Հունվարի 29-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Իրանի միջև նավթամուղ կառուցելու վերաբերյալ, և սա, իհարկե, չի կարող անարձագանք մնալ Ադրբեջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում ծավալված հակաիրանական հիստերիային, նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նա միաժամանակ վտահություն հայտնեց, որ այս նավթամուղի կառուցմամբ Հայաստանը նվազեցնում է իր կոմունիկացիոն կախվածությունը հարևաններից:
«Բոլոր ադրբեջանական վարչակարգերը անկախացումից ի վեր մեր դեմ ինչ-որ չափով գործուն լծակ են փորձել կիրառել` տնտեսական-կոմունիկացիոն շրջափակում: Քարոզչական թեզ են ձևավորել, ըստ որի՝ մեր բոլոր տնտեսական խնդիրները Արցախի պատճառով են: Եվ փորձել են սա արմատավորել Հայաստանի հանրության մեջ: Այս նավթամուղով Ադրբեջանի կիրառած կոմունիկացիոն շրջափակման շանտաժն ի չիք է դառնում»,- նշեց Դավիթ Ջամալյանը:
Ըստ փորձագետի՝ պաշտոնական Բաքուն շատ լավ հասկանում է, որ այս գործընթացները կարող են բերել իրենց հակահայկական քարոզչության հիմնասյունի կործանմանը:
«Սա Բաքվում հասկանում են, հասկանում են, որ Հայաստանի վրա ճնշման այլ լծակներ այլևս չեն ունենա: Որպեսզի պահպանվի այդ լծակը` քարոզչական ամբողջ ապարատը աշխատեցվում է Իրանի վրա, որ նա հրաժարվի ձեռք բերված պայմանավորվածությունից: Սա Իրանի դեմ մի յուրահատուկ ճնշում է հիշեցնում»,-նշեց Ջամալյանը:
Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, Իրանը, որ դիմադրում է ամբողջ Արևմուտքի ճնշումներին, չի երերա Բաքվի քայլերից: Ընդհակառակը, Բաքուն, ի դեմս Իրանի, ձեռք կբերի թշնամի: /Aysor.am/
|