Թուրքական լոբբին միշտ էլ գործում է միջնորդավորված: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Անկարայի ճնշման տակ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը շվեդական կառավարության կայքից հանելու դեպքին` նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Թուրքագետի խոսքերով` այդ երևույթը այդքան էլ կարևոր չէ, և պետք չէ առանձնապես ուշադրություն դարձնել, հատկապես այն դեպքում, երբ Շվեդիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Ինչ վերաբերում է հարցին, թե Թուրքիան ի՞նչ ազդեցության լծակներ ունի Շվեդիայի վրա, ասեմ` անկեղծ ասած, ինձ էլ զարմացրեց դա, քանի որ Շվեդիան այն երկիրը չէ, որ տարածաշրջանում շոշափելի դեր ունենա: Տվյալներ կան, որ Շվեդիայի վարչապետի անձնական նախաձեռնությամբ է դա կատարվել, այսինքն` նա թուրքերի հետ լավ հարաբերությունների մեջ է»,- ասաց Հ. Չաքրյանը:
Ինչպես նշեց թուրքագետը, մեզ համար ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ն ընդունի Ցեղասպանության փաստը, որը շղթայական ռեակցիա կառաջացնի. «Ի վերջո, ԱՄՆ-ը ներկա պահին աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է: Եթե անգամ չի ընդունում, նույնիսկ եթե Կոնգրեսի օրակարգ է մտնում, դա շատ ավելի կարևոր է, քան որևէ փոքր երկրի կողմից ընդունումը»
/Aysor.am/
|