Պաշտոնական այցով Նեպալում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կտրուկ է արձագանքել Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի հնչեցրած հայտարարությանը: Օրեր առաջ ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր առաջին կոշտ հայտարարությունն էր արել թուրքական իշխանությունների հասցեին` իր նստավայրում կազմակերպած ընդունելության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս:
Ռիկարդոնեն նկատել էր տվել, որ Թուրքիայում մամուլի անազատություն և դատաիրավական համակարգի կախվածություն կա: «Մեկ խոսում են մամուլի ազատությունից, մեկ` լրագրողներ ձերբակալում: Վաշինգտոնի համար անհասկանալի է սա»,- ասել էր Ռիկարդոնեն:
Սա վրդովեցրել է Դավութօղլուին, որը Նեպալի մայրաքաղաքից Ռիկարդոնեին հակադարձել է, թե Թուրքիան իրավական պետություն է, իսկ «Էրգենեքոնի» գործով լրագրողների ձերբակալությունները հենց պայմանավորված են դատական համակարգի անկախությամբ և անթույլատրելի է դեսպանների միջամտությունը իրավական այդ գործընթացին:
Նշենք նաև, որ Ռիկարդոնեին կտրուկ էր արձագանքել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը` ոչ ավելի, ոչ պակաս ասելով. «Թուրքիան մամուլի ազատության տեսանկյունից ԱՄՆ-ի համեմատությամբ շատ ավելի ազատ երկիր է»:
Հիշեցնենք, որ Մամուլի իրավունքների պաշտպանությոն բնագավառում աշխարհի ամենահարգի միջազգային կառույցներից մեկը` «Լրագրողների պաշտպանությոն կոմիտեն», հրապարակած «Մամուլի դեմ ուղղված հարձակումների վերաբերյալ» 2010-ի զեկույցում տեղ էին գտել բացասական տեսակետներ Թուրքիայում լրագրողների աշխատանքային պայմանների և մամուլի իրավունքների մասին: Արձանագրվել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, անվտանգության նկատառումներով Թուրքիայում լրագրողների դեմ դատ է բացվում, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ձերբակալում են, դատական գործընթացները երկարաձգում են, բազմաթիվ լրագրողների էլ այս պահին բանտարկված են պահում:
/Panorama.am/
|