Արաբական երկրներում մեկը մյուսի հետևից տեղի ունեցող հեղափոխություններից չափազանց անհանգիստ են Ադրբեջանի թե իշխանությունները, թե պաշտոնյա օլիգարխները: Մի կողմից Թունիսում, Եգիպտոսում գլուխ բարձրացրած ապստամբությունները Ադրբեջան տեղափոխվելու խուճապը, մյուս կողմից էլ արաբական երկրներում բիզնեսի ծնկի գալը փախցրել է նրանց քունը: Այժմ մեկը մյուսի հետևից փլուզվող բռնապետական ռեժիմներից ավելի շատ նրանց հետաքրքրում է իրենց կորցնելիք փողը: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ արաբական հեղափոխություններից ավելի շատ անհանգստացած է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքբերովը, ով Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում հյուրանոցային ցանց, Դուբայում «Importex Travel, Tours & Conferences» տուրիստական ընկերության մասնաճյուղեր ունի:
Արաբական երկրներում լայն բիզնես շահերի տեր մյուս պաշտոնյան Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն է: Նրա բիզնեսը հիմնականում Արաբական միացյալ էմիրություններում և Լիբիայում է: Այստեղ գործում են նրան պատկանող «Gilan-Inshaat» շինարարական ընկերության մասնաճյուղերը:
Հատկանշական է, որ Եգիպտոսում և Արաբական միացյալ էմիրություններում մի շարք բիզնես «կետեր» ունեն նաև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն: «Հիշյալ անձինք արաբական երկրներում ներդրումներ են կատարել ոչ իրենց քրտինքով վաստակած գումարների հաշվին: Պարզ է, որ պաշտոնյաների միջոցով Ադրբեջանից արտասահման գնացած ֆինանսական միջոցները կոռուպցիայով և կաշառակերությամբ ձեռք բերված փողեր են»,- գրում է «Ենի մուսավաթը»:
/Panorama.am/
|