Փաստորեն, Ալիևն արհամարհեց ԵՀԱԿ Մինսկի խմբի, որի ներկայացուցիչներից մեկն էլ Ռուսաստանն է, գործունեության հիմնական երեք սկզբունքներից մեկը: Հիշեցնենք, որ Մինսկի խումբն աշխատում է ուժի չգործադրման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Հրաժարվել դրանցից որևէ մեկից, մեխանիկորեն, նշանակում է չընդունել մնացած երկուսը: Բացի այդ, Բաքվում և Գերանբոյում անցած շաբաթվա Ալիևի ունեցած ելույթները, որոնք համաշխարհային հանրության համար բացահայտ շանտաժ էին` արված ԼՂՀ դեմ պատերազմ սկսելու սպառնալիքի ձևով, ի չիք են դարձնում Մայնդորֆյան հռչակագրի դրույթները, որի իրագործման երաշխավորը Ռուսաստանն է:
Հայակական պետություններում Ալիևի սպառնալիքներին վաղուց արդեն սովոր են և արձագանքում են միայն ռազմապաշտպանական կառույցներն ամրապնդելով: Անդադար սպառնալիքների և բացեիբաց շանտաժային քաղաքականության առումով, սակայն, ծագում են մի շարք հարցեր. ա) Ի±նչպես կարձագանքեր Ռուսաստանը, եթե Մոլդովայի նախագահը հանկարծ հայտարարեր մոլդովական բանակի ուժերով Մերձդնեստրովիեն գրավելու ձգտումների և պատրաստականության մասին: բ) Կլռե՞ր արդյոք Կրեմլը, եթե վաղը, օրինակ, Իսրայելը հայտարարի Պաղեստինյան ինքնավարության դեմ պատրաստվող պատրեազմի մասին: Հարցերը կարելի է անվերջ շարունակել, սակայն պատասխանն ակնհայտ է: Անմիջական պատերազմական սպառնալիքների դեպքերում, ոչ Ռուսաստանը, ոչ էլ համաշխարհային այլ գերտերությունները չեն կարող իրենց թույլ տալ լռել: Հասկանալի է, որ խնդիրն Ադրբեջանի և նրա մարտական նախագահի վարքագիծը չէ (հատկապես այդ, հայկական պետություններն ի վիճակի են լուծել): Խնդիրն այն է, որ արձագանքների բացակայությունը Ռուսաստանի, ինչպես նաև Ամերիկայի և Ֆրանսիայի կողմից, արժեզրկում է ոչ միայն Մինսկի խմբի դերն ու նշանակությունը, այլև` գերտերության կոչման հավակնող պետությունների կարգավիճակը:
Մինչդեռ, Ռուսաստանը, ոչ միայն չարձագանքեց Ալիևի ռազմաշունչ հռետորությանը, այլև փորձեց բարեհաճություն դրսևորել Ադրբեջանի նախագահի նկատմամբ: Թե չէ ինչպե±ս կարելի է հասկանալ այն փաստը, որ Ուլյանովսկ քաղաքի օդանավակայանում Դմիտրի Մեդվեդևն անձամբ դիմավորեց Ալիևին: Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա հունիսին Ռուսաստանի նախագահին Բաքվում դիմավորել էր ընդամենը Ադրբեջանի վարչապետի տեղակալը: Արարողակարգը մի կողմ թողնենք: Վերջ ի վերջո, պետությունների ղեկավարներն իրենք գիտե´ն, թե ու՞մ, ե՞րբ և ինչպե՞ս դիմավորեն: Մեզ այլ բան է հետաքրքրում. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ի±նչ խորհրդակցեց Իլհամ Ալիևը Դմիտրի Մեդվեդևի հետ: Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման ժամկետների և ուղղության մասին հարցե՞րը:
Հասկանում եմ, որ հարցն անքաղաքավարի է, սակայն, դրա համար հիմքեր կան: Ինչքան հայտնի է, նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը քննարկել են Մոսկվայի և Բաքվի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաև Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի պայմանները: Այս պատճառով են ծագում են "անհամար” հարցերը: Օրինակ, Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն այն պետությանը, որն իրեն համարում է ՀԱՊԿ անդամի հետ պատերազմական վիճակում գտնվող, ինչքանո±վ է համապատասխանում ՀԱՊԿ նպատակներին ու խնդիրներին: Այս ամենը հիշեցնում է 1992 թվականի ամառը, երբ Ադրբեջանը և նրա նախագահ Էլչիբեյը փորձում էին խղճահարեցնել` հին հայկական տարածքների Շահումյանի և Մարտակերտի շրջանների հաշվին: Չխոսենք տխուր բաներից: Ինչպես ասվում է` ով հինը հիշի, թող նրա աչքը քոռանա: Ուղղակի պետք չէ նաև մոռանալ այս իմաստուն ռուսական ասացվածքի շարունակությունը. իսկ ով այն մոռանա` թող զույգ աչքը քոռանա:
Ուլյանովսկը, որտեղ հանդիպեցին Մեդվեդևն ու Ալիևը, խորհրդանշական քաղաք է: Եվ իսկապես, ուրիշ որտե±ղ կարելի էր հավատարիմ լեինյանի պատվին հերթական Հեյդար-զբոսայգի բացել, եթե ոչ Ուլյանովում: Այդ խորհրդանշականությունը չէր կարող դուրս մնալ զրուցակիցների ուշադրությունից. «...Սա շատ արժեքավոր է, շատ հուզիչ, սա հենց մեր ժողովրդների և մեր երկրների միչև հաստատսված հարաբերությունների ոգուն համապատասխան է» - նկատել է հուզված Իլհամ Ալիևը, ում ձայնի մեջ հանկարծ հայտնվել էին հուզական ելևէջներ: Այնքա~ն պարզորոշ, որ զրուցակիցը կարող էր և հավատալ Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի հարբերությունների անարատությանը, եթե ծանոթ չլիներ Ադրբեջանական Հանրապետության անկախության մասին սահմանադրական ակտին, որտեղ Ռուսաստանը հիշատակվում է որպես ագրեսոր, զավթիչ և ադրբեջանական ժողովրդին շահագործող,կամ էլ հենց իր` Իլհամ Ալիևի վերջին ելույթներին, որտեղ նա Ռուսաստանին անվանեց ագրեսորի հանցակից, եթե չիմանար, այն բարոյական և նյութական օգնությունների մասին, որն Ադրբեջանը ցուցաբերում է հարավային Ռուսաստանի ահաբեկիչներին, և, վերջապես, եթե աչքերը փակեր ԳՈՒԱՄ ռազմաքաղաքական, հակառուսական կազմակերպության մեջ Ադրբեջանի ունեցած դերակատարությանը:
Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ