2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում փլուզվել է 1356 թվականին կառուցված Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին: Այն մասին, որ եկեղեցին գտնվում է ահավոր վիճակում, հայկական կողմը բազմիցս ահազանգել է Վրաստանի իշխանություններին: Առաջին ճաքերը Սբ. Գևորգ եկեղեցու պատերին հայտնվել էին դեռևս 1980 թվականին, իսկ 1990 թվականին եկեղեցու շենքը դասվել է վթարային շինությունների շարքին: Մեկ տարի անց եկեղեցու պատերի օր օրի մեծացող ճաքերը վրացի փորձագետներին բերեցին այն եզրակացության, որ անհրաժեշտ է ամբողջությամբ քանդել տաճարը: Այսօր Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին այլևս խոնարհված է…
Մեկնաբանելով եկեղեցու փլուզման փաստը` Վիրահայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ: «Կարծում ենք` այս ամենի պատասխանատվությունը (ընդգծումը մերն է` Հ. Մ.-Շ.) պետք է կրի Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը եւ իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը և պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարեւոր հուշարձանները»,- ասված է Վիրահայոց թեմի մամլո դիվանի տարածած հայտարարության մեջ:
Վիրահայոց թեմն իր հայտարարության մեջ բարձրացրել է թերևս ամենակարևոր հարցը` պատասխանատվության խնդիրը: Ո՞վ է մեղավոր, որ Թբիլիսիում փլուզվել է հայկական եկեղեցի: Արդյոք Վրաստանի մշակույթի նախարարությո՞ւնը, ինչպես կարծում են հայ հոգևորականները: Եթե խոսենք մեղքի բաշխվածության մասին, ապա մեղավորների ցուցակում վրացիները վերջին տեղը կզբաղեցնեն: Այսօր պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությունը Վրաստանը բնակեցնող ոչ վրացիների նկատմամբ միանգամայն պարզ է և հասկանալի. վրացիներն ուզում են Վրաստանը տեսնել առանց հայերի, ադրբեջանցիների, ռուսների և այլն: Եվ նրանց բոլոր գործողությունները պայմանավորված են հենց այդ ցանկությամբ: Իհարկե, Վրաստանի մշակույթի նախարարությունում գիտեին, որ վաղ թե ուշ եկեղեցին փլվելու է: Եվ նրանք մեծ անհամբերությամբ սպասում էին այդ օրվան: Այսպիսի իրավիճակում, իհարկե, անիմաստ է մեղադրել Վրաստանի մշակույթի նախարարությանը: Նրանք ունեին նպատակ, որն այլևս իրականություն է: Եվ որքան էլ հայկական կողմը մեղադրի վրացական այդ գերատեսչությանը, միևնույն է, այսօր նրանք շնորհակալական ուղերձ են ստանալու Սահակաշվիլու վարչակազմից: Ուրեմն, խոսելով վրացիների մեղքի չափաբաժնի մասին, պետք է փաստենք, որ այդ «մեղքը» գիտակցված է և գործվել է նպատակաուղղված: Դրանով վրացիները հերթական անգամ իրենց արհամարհանքն են արտահայտել հայ ժողովրդի մշակութային արժեքների, ինքնասիրության և հավատքի նկատմամբ:
Սակայն եթե վրացիների այդ քայլն ընդամենը թշնամական ակտ էր հայերի նկատմամբ, կնշանակի, որ մեղավորներին պետք է որոնել հենց մեր մեջ: Մենք ենք, որ թույլատրեցինք թշնամուն ոչնչացնել մեր պատմությունը: Մենք ենք, որ թույլատրեցինք թշնամուն ոչնչացնել մեր հոգևոր արժեքները: Մենք ենք, որ թույլատրում ենք մեր թշնամուն շարունակել իր սև գործը:
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին այլևս չկա: Մեղավոր է Թբիլիսիի հայությունը, որը ջանք ու եռանդ չի խնայում վրացիների հետ «դարավոր» եղբայրությունը պահպանելու համար: Այն հայությունը, որը կորցրել է իր ազգային կերպարը` վերածվելով կոսմոպոլիտիզմի դասական օրինակի: Այն հայությունը, որն իր օտարամոլության պատճառով մոռանում է իր մայրենի լեզուն: Այն հայությունը, որն արդեն վաղը կարժանանա եկեղեցու ճակատագրին…
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին այլևս չկա: Մեղավոր է Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Այն եկեղեցին, որի սպասավորների մեծ մասն ընդամենը բիզնեսմեններ են, և որի հոտն իր պատմական ժառանգությունն ու ավանդույթները կորցրած մի ամբոխ է ընդամենը:
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին այլևս չկա: Մեղավոր են Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու քաղաքական վերնախավը:
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին այլևս չկա: Մեղավոր է հայ մտավորականությունը, որը զբաղված է արևի տակ տաք տեղի փնտրտուքով միայն, և նրան ընդհանրապես չի հետաքրքրում հայ ժողովրդի բարոյական արժեհամակարգը:
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին այլևս չկա: Մեղավոր ենք ամենքս, որովհետև… մեղավոր ենք:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Հատուկ ww.armar.am կայքի համար
|