Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 14 » Իրանի «ադրբեջանցիները»
13:49
Իրանի «ադրբեջանցիները»

Վերնագրում բառը չակերտների մեջ է առնվել ոչ պատահաբար: Իրանում ես համոզվեցի, որ նրա հյուսիսային գավառների թյուրքալեզու բնակչության մեծ մասն իրեն չի համարում ադրբեջանցի այն իմաստով, ինչը տալիս են այդ բառին հարավկովկասյան ապօրինի ծնունդ հանրապետությունում:

Արդարացի լինելու համար հարկ է նշել, որ ազգության նույնականացման խնդիր ունեն ոչ թե թյուրքալեզու իրանցիները, այլ հենց Ադրբեջանական Հանրապետության բնակիչները: Այստեղ տարաբնույթ թյուրքական ցեղերի ներկայացուցիչները, հաճախ, գործածում են իրենց ցեղային, այլ ոչ թե ազգային պատկանելիությունը: Այս փաստի պատճառով առաջանում են նաև տարօրինակ իրավիճակներ, երբ որպես ադրբեջանցի հաճախ հանդես են գալիս հանրապետության արմատական բնակչության միայն վերջերս ուծացված ներկայացուցիչները, օրինակ` ուդիները, քրիզները, թալիշները և այլոք:

Իրական ազգությամբ հանդես գալը նրանց համար, լավագույն դեպքում, ծաղրի ու վիրավորաբքի սպառնալիք է, իսկ «պարծենալ» որևէ թյուրքալեզու ցեղախմբին պատկանելիությամբ նրանք չեն կարող: Ահա և ստացվում է, որ Ադրբեջանական Հանրապետությունում բնակվում են «ադրբեջանցիներ», այսինքն` ուդիներ, քրիզներ, թալիշներ, լեզգիներ և այլն, ինչպես նաև թյուրքական ցեղախմբեր` թուրքեր, թարաքմեններ, ավշարներ, այրումներ, կարափափախներ և ուրիշներ: Հանրապետության սահմաններից դուրս առաջինները վերադառնում են իրենց իսկական ազգությանը, իսկ թյուրքերը հանդես են գալիս որպես «ադրբեջանցի»:

Բայց և այնպես Ադրբեջանի պետական քարոզչությունն ադրբեջանցի է համարում Իրանի ամբողջ թյուրքալեզու բնակչությանը, այդ թվում նաև էթնիկ թուրքմեններին կամ քաշքայներին: Սակայն Իրանում ինձ հետաքրքրում էր ոչ թե ադրբեջանցի քարոզիչների կարծիքը, այլ Իրանի և Ադրբեջանի թյուրքերի նկատմամբ թյուրքալեզու իրանցիների վերաբերմունքը:

Կարելի է ասել, որ իմ բախտը բերեց հենց Իմամ Հոմեյնու անվան օդանավակայանում, ուր ուշ երեկոյան վայրէջք կատարեց մեր ինքնաթիռը: Ինձ դիմավորող վարորդը` Աբդուլա Հուսեյնը, դուրս եկավ «ադրբեջանցի»: Ճանապարհը մինչև Թեհրան մոտ չէր, այնպես որ զրուցելու ժամանակ կար: Աբդուլա Հուսեյնը, ով շահի ժամանակ սպա էր եղել, բավականին գրագետ անձնավորություն դուրս եկավ:

Շատ բաների մասին մենք խոսեցինք, այդ թվում նաև` գետի մյուս ափի «ադրբեջանցիների»: «Մենք տարբեր ենք, - ասում էր վարորդը, - ազԱրբեջանցիները իրանցի են, իսկ նրանք, ես նույնիսկ չգիտեմ, թե ովքեր են, բայց ուրիշ են: Ես նրանց քիչ չեմ հանդիպել այստեղ ու գտնում եմ, որ նրանց հետ ոչ մի ընդհանրություն չունենք»: Ես նրան պատմեցի, որ Բաքվում մշտապես գրում են, թե ինչպես են Իրանում նեղում ազԱրբեջանցիներին, հիշեցրեցի վերջիններիս մայիսյան միտինգների, բազմաթիվ ձերբակլությունների, դեպի Բազ ամրոց հարյուրհազարանոց երթերի և իրենց կյանքում առկա մյուս դժվարությունների մասին: Իրենց ճակատագրի նկատմամբ Բաքվի հոգատարության մասին իմ հայտնած ամեն մի տեղեկության հետ Աբդուլա Հուսեյնը ավելի ու ավելի բարձրաձայն էր հռհռում: Նա բացահայտորեն ինձ չէր հավատում կամ էլ կարծում էր, թե կատակում եմ: «Ինչ կատակասերն եք»,- կրկնում էր նա, հյուրին հարգելով չօգտագործելով «սուտ» բառը:

Դժբախտաբար իմ ձեռքին չկար ադրբեջանական թերթ, և պատմելուց ստիպված անցա հարցուփորձի: Նա ոչինչ չգիտեր մայիսյան հանրահավաքների մասին ոչ այս, ոչ էլ անցյալ տարի, չէր լսել բազմաթիվ ձերբակալությունների մասին և իր վրա չէր զգացել էթնիկական հողի վրա ճնշումներ ու խտրականություն: Միակ բանը, որ հաստատեց զրուցակիցս, դեպի Բազ ամրոց կատարվող ամենամյա երթերն էին: «Բայց դա Բաբակ խորամդինին (խուրամիթները իսլամական աղանդներից մեկի ներկայացուցիչներն են - հեղ.) խոնարհվող 200-250 ախմախներն են, որոնք ոչ մի կապ չունեն ազԱրբեջանցիների և ուղղահավատների հետ»: Իր ազգության մասին ուղղակի հարցին Աբդուլան պատասխանեց. «Ես թյուրք իրանցի եմ: Իմ նախնիներն ապրել են Թավրիզում, այդ պատճառով մեր ընտանիքում խոսել են թյուրքերեն»: Քանզի ես նրանից լավ էի տիրապետում տիրապետում թյուրքերենին, նկատեցի, որ նա բայն անցյալ ժամանակում կիրառեց շատ ճիշտ:

Երկրորդ թյուրքալեզու իրանցին, ում հետ ես ծանոթացա, Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի երիտասարդ աշխատակիցն էր` մասնագիտությամբ պատմաբան Ֆիրուդդինը, ով դարձավ իմ ուղեկիցն ու թարգմանիչը: Առաջին իսկ օրը նա հայտարարեց. «Ես ուզում եմ հայտնել, որ ես հավանություն չեմ տալիս Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության վերաբերմունքին»:

- Դա միևնույն հարցն է, - պատասխանեցի ես:

- Ես գիտեմ, դրա համար էլ սիրտս ցավում է:

- Բայց դու ադրբեջանցի ես:

- Ես իրանցի եմ, ծնվել եմ Ուրմիայում: Մեր ընտանիքում խոսել են թյուրքերեն, բայց դա ոչինչ չի նշանակում: Ես այն իրանցիներից եմ, ում նախնիներին ստիպել են փոխել լեզուն:

Անհրաժեշտ է նշել, որ իմ թյուրքալեզու իրանցի բարեկամները բացարձակապես չէին օգտագործում «ադրբեջանցի» և «ադրբեջանական լեզու» բառերը: Միայն «թյուրք» և «թյուրքի»: Միևնույն ժամանակ. Խոսելով հյուսիսային հարևանի մասի անպայման շեշտում էին հանրապետություն բառը, ինչով տարբերակում էին իրենց ԱզԱրբեջանից: Ինչպե՞ս կարելի է այս առիթով չհիշատակել Զ.Բունյաթովին, ով Իրան ուղևորվելուց հետո «Բաքու» թերթում գրել էր (21 հոկտեմբերի 1989թ,). «… ինձ շատ զարմացրեց, որ գետի մյուս կողմի ադրբեջանցիները շատ անտարբեր են վերաբերում Լեռնային Ղարաբաղի համար մեր պայքարին: Շատ հարցերի մասին նրանք ընդհանրապես անտեղյակ են: Կրկին համոզվեցի, որ լեզվի միասնականությունը դեռ ազգի միասնականություն չի նշանակում»:

Բունյաթովը, նույնիսկ քարոզչական արշավի տապալումից հուսախաբ, չէր լինի Բունյաթով, եթե չկեղծեր, քանզի Ադրբեջանական Հանրապետության թյուրքլեզու ցեղերի խառնակույտը երբեք Իրանի ազԱրբեջանցիների հետ միասնական ժողովուրդ չի կազմել:

Վերոհիշյալ ինստիտուտի մեկ այլ թյուրքալեզու աշխատակից Մոհամմեդը Ադրբեջանական Հանրապետության թյուրքերի մասին արտահայտվեց շատ կոշտ. «Դրանք նամարդ են (ստոր, սրիկա)»: Սկզբում ինձ թվաց, թե նա ձգտում է սիրաշահել հյուրին, բայց իրականությունը դուրս եկավ առավել գաղջ:

Ադրբեջանական Հանրապետության թյուրքերի նկատմամբ Մոհամմեդի անթաքույց դաժան ատելության սկզբնաղբյուրները գալիս էին անցյալ դարի քառասնական թվականներից, երբ Սովետական Միությունը ձգտում էր համաշխարհային պատերազմից օգտվելով բռնակցել Իրանի հյուսիսային գավառները: Գրավելով Իրանի հսկայական տարածքները, Ստալինը Ադրբեջանական ԽՍՀ-ից այնտեղ էր գործուղել բազմաթիվ քարոզիչների: Այն, ինչ վերջիններս կատարում էին Իրանում, կարելի է համեմատել, ասենք, Բելոռուսիայում ֆաշիստական բռնազավթումների հետ:  Մոհամմեդը պատմում էր, որ հորեղբայրն իրեն տեղափոխել էր հարավ, անվտանգ վայր: «Ռադիոյով ամեն երկու ժամը մեկ հաղորդում էին գնդակահարվածների ու անհետ կորածների ցուցակներ: ԱԽՍՀ թյուրքերը բռնաբարում էին մեր կանանց ու աղջիկներին, կողոպտում մեր տները, ձերբակալում նոր կարգերին չհարմարվող տղամարդականց: Իմ հայրը նույնպես գնդակահարվել է, իսկ մորս այդպես էլ չեն գտել»: Այս ոչ երիտասարդ տղամարդու աչքերին արցունքներ էին փայլում: «Դրանք նամարդ են»,- կրկնում էր նա:

Ես նրան պատմեցի Սումգայիթում հայերի եղեռնի մասին, Մարաղայում, Խրամորդում, Ֆարուխում կատարված սարսափազդու չարագործությունների, փախստականներով լցված Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին: Նա միայն կրկնում էր. «Դրանք նամարդ են»,- կարծես թե չգիտեր այլ հայհոյանքներ…:

Իսկ Իրանում ալեկոծվում էին նախընտրական կրքերը, Աբդուլա Հուսեյնի ավտոմեքենայի դիմապակուն սոսնձված էր ռեֆորմատորների կողմից նախագահության հիմնական թեկնածու Միրհոսեյն Մուսավու դիմանկարը: «Դա արել ես, որովհետև նա թյու՞րք է»,- հարցրեցի ես: Աբդուլան անհասկացողի հայացքով նայեց ինձ. «Իմամ Հոմեյնու օրոք նա վարչապետ էր»: Իսկ Ֆիրուդդինը հաստատ որոշել էր քվեարկել գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի օգտին: Իմ գրգռիչ հարցին, թե նա, լինելով թյուրք, չի քվեարկում  Միրհոսեյն Մուսավու օգտին, Ֆիրուդդինը պատասխանեց. «Ինչ նշանակություն ունի, թե տանն ինչ լեզվով են խոսում մեր քաղաքական գործիչները: Ինձ դուր է գալիս Ահմադինեջադի քաղաքականությունը, ինչպես է նա ամրապնդում մեր երկիրը, ես ողջունում եմ նրա պաղեստինցիներին հովանավորելու քաղաքականությունը: Ես կքվեարկեմ միայն նրա օգտին»:

- Բայց չէ՞ որ թյուրք Մուսավին, դառնալով նախագահ, կպաշտպանի ոչ միայն պաղեստինցիների, այլև Ադրբեջանական Հանրապետությունում բնակվող քո հայրենակիցների շահերը: Միթե վատ կլինի, եթե Իրանի և հոգևոր առաջնորդը և նախագահը լինեն ադրբեջանցի,- շարունակում էի գրգռել Ֆիրուդդինին:

- Իմ հայրենակիցները բնակվում են Իրանում: Իրանի հոգևոր ղեկավարը, առաջնորդը այաթոլլա Սեյեդ Ալի Համենեին է: Նա թյուրք չէ, այլԻրանի հոգևոր առաջնորդը: Լիներ նա պարսիկ, մազանդարանցի, արաբ կամ բելուջին, ես էլի կխոնարհվեի նրա իմաստնության ու սրբության առջև: Նա Իմամ Հոմեյնու ոգու կրողն է: Իրանցիների համար ոչ մի նշանակություն չունի մեր քաղաքացիների ընտանեկան լեզուն:

- Ֆիրուդդին, բայց չէ՞ որ Ադրբեջանական Հանրապետությունը ցանկանում է օգնել ձեզ, միավորել իրեն:

- Եթե ցանկանում են, թող միավորեն: Իրանը քսան անգամ մեծ է Ադրբեջանական Հանրապետությունից: Թող խնդրանքով դիմեն, իսկ մենք կմտածենք:

- Բայց չէ՞ որ դուք մեկ ազգ եք, նրանք ձեզ ադրբեջանցի են կոչում:

- Մենք իրանցի ենք, թե թյուրքերը, թե պարսիկները, թե թալիշները, թե լուրիները…: Եվ ոչ մեկին չի թույլատրված երկպառակություն սարքել մեր երկրում:

Իրանում գտնվելու ամբողջ ընթացքում ես միայն մեկ վիճաբանություն ունեցա, այն էլ Աքրամ Զաքի անունով մի պակիստանցու հետ, որը Human Rights պակիստանյան կազմակերպության ղեկավարն էր:  Բացի դրանից, նրա այցետոմսում ներառված էին նախկին ու ներկայիս ինը պաշտոնները (նախարար, դեսպան և այլն): Գիտաժողովի ընդմիջմանը նա մոտեցավ ինձ և հետաքրքրվեց, թե ինչու՞ Ադրբեջանից հրավիրյալներ չկան: Ժպտալով ես կատակեցի, թե հավանաբար կազմակերպիչները չեն ցակացել, որ այստեղ ևս արծարծվի Արցախի հարցը:

- Այդ դեպքում պետք էր հրավիրել միայն Ադրբեջանից,- լրջորեն նկատեց նա:

- Այդ խնդիրները լուծվել են ոչ իմ կողմից: Ես ինքս հյուր եմ և շնորհակալ եմ տանտերերից հրավերի համար:

- Դա ճիշտ չէ, Ադրբեջանը մուսուլմանական պետություն է և հատկապես նրանց էր պետք առաջնահերթ հրավիրել:

- Կրկնում եմ ես հրավիրյալ եմ, և ձեր դժգոհությունները կարող եք հայտնել կազմակերպիչներին:

Մեր վեճն սկսել էր անցանկալի զարգացում ունենալ. հարձակողական տրամադրված Պակիստանի ԱԳ նախարարի նախկին պաշտոնակատարը բացահայտ խայտառակություն էր հրահրում: Այդ միջոցին մեզ մոտեցավ քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի թյուրքալեզու ղեկավարներից մեկը (դժբախտաբար անունը չեմ հարցրել).

- Պարոն Զաքի, պարոն Մելիք-Շահնազարյանը մեր հարգարժան հյուրն է, և մենք թույլ չենք տա նրա նկատմամբ ոչ արժանավայել վարմունք:

- Ես նույնպես հյուր եմ,- պատասխանեց Զաքին;

- Առավել ևս,- հետևեց սառը պատասխանը,- ես կխնդրեի ձեզ պահեիք հյուրին վայել կեցվածքով:

Զաքին ծլկեց, իսկ իմ պաշտպանը, անցնելով թյուրքերենի, դիմեց ինձ. «Եթե հանկարծ այլ հյուրերի կողմից էլ կլինեն նման հարձակումներ, խնդրում ենք դիմել մեզ»: Ես հայտնեցի, որ պաշտպանվելու ունակություն ունեմ, բայց շնորհակալ եմ առաջարկի համար: Սակայն Իրանում ես այլ բախումներ չունեցա, բայց ունեցա շատ հետաքրքիր, ինչ-որ տեղ ցուցարժան հանդիպումներ տեղացի թյուրքերի հետ: Դրանցից մեկին ուզում եմ անդրադառնալ մանրամասնորեն:

Իրանական ծագում ունեցող նշանավոր ամերիկացի նկարիչ Պարսիանի թանգարանում մանկահասակ ուղեկցորդուհին պարսկերեն ինչ-որ բան էր պատմում: Ես նրան չէի հասկանում, իսկ Ֆարուդդինն էլ, նկարներով տարված, հեռացել էր այլ դահլիճ: Ստիպված հարցրեցի. «Դուք թյուրքերեն խոսու՞մ եք»: Նա ուրախությունից խառնվեց. «Այո, ես խոսում եմ թյուրքերեն, մեր տանն էլ են խոսում»:

- Այսինքն ադրբեջանուհի եք:

Ի պատասխան դարձյալ նույն անհասկացողի հայացքը.

- Ես իրանուհի եմ:

- Հա, իրանուհի ադրբեջանական ծագումով,- շարունակեցի ես գրգռել:

- Իրանուհի իրանական ծագումով:

- Գուցե դուք վախենու՞մ եք խոստովանել, որ ադրբեջանուհի եք: Չէ՞ որ դրա համար ձեզ արհամարում են, նեղացնում, աշխատանքից ազատում…:

- Ովքե՞ր,- աղջիկը մոլորված նայում էր ինձ,- ինչի՞ համար:

- Կներեք, ես անհաջող կատակեցի:

Դրանից հետո սկսվեց մի իսկական ցնորատեսիլ: Հիմա արդեն հարձակման անցավ նա.

- Դուք թյուրք եք Ադրբեջանի՞ց:

- Այո: Մեզ հայտնի է, որ մեր հայրենակիցներն Իրանում վատ են ապրում:

- Իսկ ովքե՞ր են Իրանում ձեր հայրենակիցները:

- Դուք:

- Ե՞ս, - աղջկա ձայնում զարմանքը խառնվեց վրդովմունքին:

- Այո, դուք և բոլոր իրանցի թյուրքերը:

- Իմ հայրենակիցները բնակվում են Իրանում և ես իրանուհի եմ: Ոչ իմ, ոչ էլ իմ նախնիների մեղքն է, որ մեզ ստիպել են խոսել թյուրքերեն: Եվ դա արել են ձեր նախնիները (թվում էր, թե նա պատրաստվում է հարձակվել ինձ վրա): Մեկնեք ձեր երկիր ու մոռացեք մեզ: Մենք մեր հայրենիքում ենք:

Ազնվորեն  ասած ես պատրաստ էի համբուրել նրա  պարզ ճակատը:

- Ներեք ինձ խանում, ես Ադրբեջանից եկած թյուրք չեմ, ես հայ եմ: Եկել եմ Երևանից: Պարզապես անհաջող կատակեցի: Բայց դա իմ մեղքը չի, այդպես են գրում ադրբեջանական թերթերը:

- Թերթերում նման բաներ չեն կարող գրել: Դուք դարձյալ կատակում եք, արդեն իսկապես անհաջող:

- Ազնիվ խոսք գրում են, օրինակ «Այնա» թերթն է գրել:

- Մեզ մոտ այդպիսի թերթ չկա:

- Ձեր մոտ չէ, Ադրբեջանում:

- Ադրբեջանական Հանրապետությունու՞մ:

- Այո:

- Այդ դեպքում ինչու՞ եք ասում ԱզԱրբեջան: Եվ մենք ի՞նչ կապ ունենք Ադրբեջանի Հանրապետության հետ:

Ստամբուլցի  և բաքվեցի պանթյուրքիստների կողմից հեռավոր 1918 թվին ստեղծած խառնաշփոթը դեռ որոշ ժամանակ խանգարում էր մեր փոխըմբռնմանը 2009-ին: Շուտով հայտնվեց Ֆիրուդդինը, որը վերջնական պարզություն  մտցրեց մեր զրույցում: «Պարոն Լևոնը մեր հյուրն է Հայաստանից և հիմա փորձում է ստուգել Ադրբեջանական Հանրապետության թերթերից ձեռք բերած իր տեղեկությունները»:

Իհարկե ԻԻՀ  ոչ բոլոր թյուրքերն են լոյալ վերաբերվում  իրենց պետությանը: Սակայն կարելի է  բացարձակ համոզված ասել, որ Իրանի թյուրքալեզու բնակչության մեծագույն մասը իսկական հայրենասերներ են:

Շատ կարևոր է անցյալ դարի քառասնական թվականների իրադարձությունների մասին իրանցիների էթնիկական հիշողությունը: Այդ տարիներին  Իրանի խորհրդային բանակի կողմից գրավված  տարածքներ էին գործուղղվել ավելի  քան 12 հազար կուսակցական աշխատողներ Ադրբեջանի ԽՍՀ-ից, որոնց խնդիրն էր համոզել Իրանի թյուրքալեզու բնակիչներին  և քրդերին խորհրդային կարգերի «առավելություններում»: Սակայն ձեռք բերելով անսպասելի և գործնականում անսահմանափակ իշխանություն, ադրբեջանցի «հայրենակիցներն» իրենց հետևից թողեցին ամենադառն ու ծանր հիշողություններ: Պաշտոնական խորհրդային քարոզչամեքենան հետագայում հիշատակեց Իրան ներխուժելու հետ կապված միայն 200 զոհերի մասին: Գուցե և այս թիվը մոտ է իրականին, բայց այն բռնազավթման տարիներին ավելացել է հարյուրավոր անգամներ: Իմ իրանցի նոր բարեկամների, այդ թվում նաև պատմաբանների պնդմամբ, այդ տարիներին զոհվել ու անհետ կորել է ավելի քան 40 հազար մարդ:

Իրանում թյուրքախոս են ոչ միայն հարկադրաբար լեզուն փոխած  պարսիկները: Այստեղ, մեծամասմբ գյուղերում, բնակվում են նաև բուն թյուրքական քոչվոր ցեղերի ներկայացուցիչները` աֆշարներ, շահսևաններ, կարափափախներ և այլն: Նրանք մեծաքանակ չեն, նրանց քաղաքական նշանակությունը մոտ է զրոյի, բայց կուպրով գդալը կարող է փչացնել մի տակառ մեղրը: Հատկապես այս միջավայրից է հավաքում իր կողմնակիցներին տխրահռչակ սադրիչ և Իրանի դավաճան Չահրեգանլին:

Թյուրքական  ցեղախմբերը տեղաբաշխվել են Իրանի  հյուսիսային տարածքներում 12-րդ դարի կեսերից սկսած: Մինչ այդ, ժամանակակից Իրանի ամբողջ տարածքի բնակչությունը բացարձակապես իրանախոս էր: Գրավելով հարուստ արոտավայրերը, թյուրքերը փակեցին Իրանի հյուսիսի բմակավայրերը կապող ճանապարհները: Արդյունքում արդեն 14-րդ դարի կեսերին Իրանի հյուսիսային տարածքը հիմնականում դառնում են թյուրքալեզու, պահպանելով սակայն իր պատմական անվանումը` Ատրպատական, ինչն արաբերենով հնչում է Ազարբեջան: Սակայն մինչ օրս էլ այդ տարածքի բնակչության մեծամասնության (հատկապես քաղաքային) էթնիկական նույնականացումը իրանական է:

Այս ֆոնի վրա, Ադրբեջանական Հանրապետությահ քարոզիչների  կրքոտ փորձերը ներկայացնել ԻԻՀ  թյուրքալեզու բնակչությանը որպես խտրականության  ենթարկված էթնիկական փոքրամասնություն, կեղտոտ խաղեր են: Չենք խոսում այն  մասին, որ երկրի հոգևոր առաջնորդն  այսօր թյուրքալեզու այաթոլլա Համենեին է: Իրանի թյուրքալեզու բնակիչները միշտ էլ պետական բարձր պաշտոններ են ունեցել: Օրինակ, հենց նույն Միրհոսեյն  Մուսավին եղել է արտաքին գործերի  նախարար, վարչապետ: Թյուրքալեզու էր երկրի  նախագահ Ռավսանջանին, արտաքին գործերի  նախարար Վելայաթին և այլոք:

Այնպես որ Իրանում պետական պաշտոններին  ընտրվում կամ նշանակվում են անկախ  լեզվական պատկանելիությունից:

Հարկէ հիշեցնել, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին  Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեին և նախագահ Ալի Ակբար Հաշեմի-Ռաֆսանջանին թյուրքախոս էին: Ինչպես հայտնի է այդ տարիներին Իրանն իրականացնում էր նրբորեն հաշվարկված արտաքին քաղաքականություն, որն ուղղված էր մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Հիշարժան է նաև այն, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն առաջին ընտրություններում հաղթել է Ռաֆսանջանիին ոչ միայն ամբողջ երկրում, այլև թյուրքալեզու գավառներում:

Ներկայացված փաստերը վկայում  են մեկ բան. Չնայած Ադրբեջանի հանրապետության և Թուրքիայի ճիգերին, Իրանում բացակայում է խտրականացված ազգային փոքրամասնությունը: Առավել ևս այստեղ բացակայում է «էթնիկական փոքրամասնություն» հասկացությունը: Նշված հանգամանքը բազմադարյան պատմություն ունեցող այս պետության ներքին կայունության կարևորագույն տարրերից է:

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Категория: Վերլուծություն | Просмотров: 1127 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ