Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 18 » 1992 թվական։ Ջավախքյան ընդվզումները մերօրյա հեռավորությունից
09:47
1992 թվական։ Ջավախքյան ընդվզումները մերօրյա հեռավորությունից
Դեռ 1992թ. հունվար ամսից սկսած, երբ երկիրը նետվել էր քաղաքացիական պատերազմի գիրկը, վրացական մինիստրների կաբինետը (կառավարությունը) «հասցրեց» ընդունել որոշումներ «գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողային ռեֆորմների վերաբերյալ», որոնք մինչև գարնան սկսվելը պետք է կարգավորեին հողային հարաբերությունները, ապահովեին հողերի նպատակային բաշխումը Վրաստանի շրջաններում:  Այդպիսի որոշումներից առաջինն ընդունվեց 1992թ. հունվարի 18-ին [1], որով փորձ էր արվում ինչ-որ կերպ կարգավորել հողերի բաշխման գործընթացը Վրաստանում: Այդ որոշման 4-րդ կետով Վրաստանի ամբողջ տարածքում հողերը բաժանվում էին երկու կատեգորիաների. «Հանրապետության սեփականության տակ գտնվող հողերը, հաշվի առնելով նրանց նշանակությունը և նրանց վրա սեփականության տարբեր ձևերի հետագա տարածումը, բաժանվում են պետական հողերի ֆոնդի և հողային ռեֆորմների ֆոնդի» [2]: Այս որոշման մեջ դեռևս խոսք չի գնում տխրահռչակ «սահմանային գոտու» ստեղծման և կազմավորման մասին, ինչի մասին որոշում ընդունվեց հետագա երկու հրամանագրերի մեջ, որոնք ընդունվել էին շաբաթներ անց՝ 1992թ. փետրվարի 6-ին N 128 և 1992թ. մարտի 10-ին (N 290) [3]:

Այդ որոշումներով Վրաստանի կառավարությունը կատարում էր իր հերթական «չմտածված» քայլը, որով իր դեմ էր լարում երկրում բնակվող բազմաթիվ ազգությունների: Դրանցով, փաստորեն, դարձյալ վերականգնվում էր սահմանային գոտու ռեժիմը (առաժմ փոքր մասշտաբներով)՝ նման 1950-ական թվականներից առկա, ինչպես նաև՝ Զ. Գամսախուրդիայի սահմանած հակաիրավական և հակաազգային ռեժիմներին: Սկսած սահմանից  մինչև 21 կմ խորության վրա բնակվող մարդիկ (ընտանիքներ), ըստ այդ որոշումների, հնարավորություն չունեին ունենալու տնամերձ հողի սեփականության իրավունք՝ անհատական բնակելի տներ և այլ շինություններ կառուցելու համար [4]:

Իսկ Ախալքալաքի շրջանային վարչությունը իր` 1992թ. ապրիլի 11-ի N 25 [5] և նույն թվականի ապրիլի 21-ի N 25 որոշմամբ (վերջինս նախորդ որոշման շարունակությունն էր) [6] , ստիպված, թե այլ պատճառներով, կիրառության մեջ դրեց Թբիլիսիի կողմից ընդունված N 48, N 128 և N 290 տխրահռչակ որոշումները:

Հետաքրքրական է, որ Ախալքալաքի շրջանային վարչության սկզբնական N 25 որոշման մեջ տեղ չեն գտել բացառապես սահմանային գոտուն վերաբերող օրենքների (ժամանակավոր վարձակալության, սեփականության իրավունք չունենալու և այլնի մասին) կետեր [7], ապա ապրիլի 21-ի՝ N 25 որոշման հավելվածի մեջ արդեն կարելի էր տեսնել այսպիսի կետեր, որոնք տարածվում էին շրջանի բնակչության վրա. «Սեփական տներ կառուցելու համար քաղաքացիներին հողատարածքներ են տրվում միայն ժամանակավոր օգտագործման իրավունքով և ժամանակի լրացումից հետո այն ենթակա է վերադարձման» (3-րդ կետի 3-րդ ենթակետ) [8]:

Փաստորեն, եթե գյուղացին մեծ դժվարությամբ կառուցելու է ինչ-որ շինություն (բնակելի տուն, անասնագոմ, պահեստ և այլն), ապա ինչ-որ «ժամկետի լրանալուց հետո» այն խլվելու էր նրա ձեռքից. «Տրված տնամերձ հողատարածքների օգտագործման հրաման ստանալուց հետո, տեղական իշխանության օրգանները պարտավոր են տիրոջը զրկել հողատարածքի օգտագործման իրավունքից և վերցնել հողատարածքը՝ տալով այն  հողի պահեստային ֆոնդին» (որոշման 6-րդ կետ) [9]: Ակնհայտ է, որ այս որոշման կետերը բխում էին Թբիլիսյան վերոնշյալ որոշումներից. «Տնտեսությունների ղեկավարությունը պարտավոր է գյուղատնտեսության վերաբերյալ ակտի հիման վրա առանձնացնել հողատարածքներ՝ չխախտելով Վրաստանի հանրապետության նախարարների կաբինետի կողմից ընդունված N 48, N 128 և N 290 ռեֆորմների պահանջները» (որոշման 11-րդ կետ) [10]:

Վրաստանի պետխորհրդի` 1992թ. մայիսի 7-ի որոշումն [11] իր մեջ պարունակում էր կետեր, որոնք վերաբերում էին բնակչության իրավահարաբերությունների այլ ոլորտներին: Տվյալ որոշումով նախատեսվում էր «անհապաղ աշխատանքներ սկսել սահմանային գոտու ստեղծման և կազմավորման համար՝ Հանրապետության ցամաքային և ծովային սահմանների ամբողջ երկարությամբ» [12]: Այդ նպատակով «Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մյուս բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ պարտավորվում է միջազգային իրավական նորմերին համապատասխան և հաշվի առնելով անկախ հանրապետությունների սահմանների պաշտպանության պրակտիկան`  համալիր մշակել և լուծել հիմնախնդիրների մի ողջ շարք, որոնք կապված են սահմանային ծառայությունների ձևավորման և օգտագործման, նրանց նյութատեխնիկական բազայի ստեղծման հետ» [13]: Փաստորեն, վերոնշյալ օրենքը գալիս էր լրացնելու Թբիլիսիի` 1992թ. փետրվարի 6-ի N 128 որոշմանը (սահմանային 21 կմ-ոց գոտու ստեղծման մասին), որի առաջինից մինչև վերջին կետերը իրենց մեջ պարունակում էին հակաիրավական և բնակչության շահերին բացահայտորեն հակասող, ավելին՝ սահմանային գոտիներում իրադրությունը պայթյունավտանգ դարձնող դրույթներ:

Այսպես, N 10 որոշման համաձայն, 21 կմ-ոց գոտին ամբողջովին հանձնվում էր Պաշտպանության նախարարությանը, որտեղ հաստատվում էր ռազմական ռեժիմ: Վերոհիշյալ նախարարությունը պետք է սեղմ ժամկետներում ներկայացներ «...սահմանային գոտու անձնագրային ռեժիմի ստեղծման որոշման նախագիծ՝ ամբողջ ցամաքային և ծովային սահմանների երկայնքով, այդ թվում` սահմանամերձ քաղաքներում, նավահանգիստներում և ծովային ակվատորիաներում» [14]: Վերոհիշյալ սահմանային երկայնքով գտնվող բոլոր կոլտնտեսությունները, հասարակական տնտեսությունները (գյուղատնտեսական ձեռնարկությունները), գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկությունները և այլ օբյեկտներ, փոխանցվում էին Պաշտպանության նախարարության տնօրինությանը՝ համաձայն N 1, 2, 3 հավելվածների [15]: Վերոնշյալ բոլոր տեսակի կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրինումը հանձնվում էր Պաշտպանության նախարարության տրամադրության տակ գտնվող Հատուկ ծառայությանը, որը պետք է կարգավորեր այդ ոլորտների հարաբերությունները, ինչպես նաև բանակին և այդ շրջաններում տեղակայված զորքերին ապահովեր սննդամթերքով [16]: Իսկ այն հողատարածքները, որոնք գտնվում են 21 կմ-ոց սահմանային գոտում, «կազմում են հանրապետական հողերի ֆոնդը (ինչպես այդ մասին նշել ենք 1992թ. հունվարի 18-ի N 48 որոշման մասին խոսելիս` Վ.Ս.) և ենթակա չեն սեփականաշնորհման: Սահմանային գոտում արգելված է առանձնացնել նոր տնամերձ հողային տարածքներ, այդ թվում՝ անհատական բնակելի շինարարության նպատակով [17]: Նայելով Սամցխե-Ջավախք երկրամասի՝ Վրաստանի տարածքում գտնվելիք աշխարհագրական դիրքին` դժվար չէ կռահել, որ այդ որոշումը լիովին «վերաբերում էր» այս շրջաններին: Ինչպես նաև թռուցիկ հայացք գցելով Վրաստանի քարտեզին` կարելի է տեսնել, որ Վրաստանի ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանները հիմնականում տեղակայված են սահմանամերձ գոտիներում (հայեր, թուրք-մուսուլմաններ («ադրբեջանցիներ»), աջարներ, աբխազներ, օսեր, խևսուլներ, փշավներ, թուշեր և այլն), որոնց շրջանում էթնոժողովրդագրական պատկերը փոխելու և նրանց ղեկավարումը հեշտացնելու նպատակով Վրաստանը նրանց մեջ փորձում էր «մխրճվել» այս ձևով:

Դա հասկանալի կդառնա, եթե հաշվի առնելով Վրաստանի պաշտպանության նախարարության որոշումը, որով զինակոչիկը պետք է իր ծառայությունն անցկացներ իր բնակավայրից 70 կմ հեռու գտնվող տարածքում [18] (այսինքն տեղացիների ծառայությունը սահմանային գոտում բացառվում էր), վկայակոչենք Պետխորհրդի որոշման ևս մեկ դրույթ, որով նախատեսվում էր «...թույլատրել երիտասարդությանը, որոնք զորակոչված են բանակ սահմանային գոտուց և հանրապետության այլ շրջաններից, հաշվի առնելով նրանց ցանկությունը, անցկացնելու այլընտրանքային ծառայություն սահմանային տնտեսական գոտու գյուղատնտեսական ձեռնարկություններում և այլ տնտեսական նշանակության օբյեկտներում՝ աշխատանքային մասնակցության ձևով» [19]: Այսինքն, չէր բացառվում, որ այլ տեղերից Սամցխե-Ջավախք եկած արտոնյալ զինակոչիկները, տեղում լավ աշխատանք գտնելով, հետագայում նույնպես արտոնյալ պայմաններում մնային այդ տարածքներում:

Օրենքով նախատեսվում էր «հանձնարարել Աբխազիայի, Աջարիայի, սահմանամերձ այլ շրջանների (պատերազմական թոհուբոհի մեջ գտնվող և որպես Ինքնավար Մարզ լուծարված Հարավային Օսեթիան չէր էլ հիշատակվում - Վ.Ս.) գործող օրգանների ղեկավարներին՝ Վրաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը հատկացնելու ցանկացած օգնություն՝ հանրապետության սահմանների պաշտպանության կազմակերպման, ղեկավարության ներկայացմամբ՝ Պաշտպանության նախարարության սահմանապահ զորքերի ստեղծման, բնակեցված մասերում կամավորական խմբերի ստեղծման համար, որոնք նախատեսված են սահմանապահ զորքերին գործակցություն ցուցաբերելու համար...» [20]:

Ախալքալաքի շրջանային վարչությունը, կարճ ժամանակ անց, իր 26.05.1992թ. նիստի որոշման մեջ դատապարտեց Վրաստանի կառավարության կողմից արված նման քայլերը [21]։ Որոշման մեջ ի հայտ են բերված նոր հիմնախնդիրներ, որոնք ի հայտ էին եկել օրենքի կիրարկման փորձերի ժամանակ։ Մասնավորապես շրջանները զրկված էին կարտոֆիլի մթերման հնարավորությունից, ելնելով այն բանից, որ բոլոր պահեստները հանձնվել էին Պաշտպանության նախարարությանը, իսկ նոր պահեստների շինարարության տարրական իրավունքից բնակչությունը զրկված էր։ Փաստորեն, փչացման վտանգի տակ էր լինելու շուրջ 6000 տոննա կարտոֆիլ [22]։ Նույն նիստով որոշվում է նաև, վերոհիշյալ «սահմանային գոտի» կոչված վայրերի հողատարածքները հանձնել գյուղացիությանը։ Որոշմանը հետևում էր Վրաստանի Պետխորհրդին ուղղված խնդրագիրը՝ վերոնշյալ որոշման առանձին կետեր վերանայելու և անձնագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորելու ժամանակ հաշվի առնել Ջավախքի՝ ՀՀ-ի բնակչության հետ կապվածությունը [23]։

Ախալքալաքի շրջանային վարչության վերոհիշյալ որոշման առթիվ կարճ ժամանակ անց Ջավախք է հասնում Վրաստանի Պաշտպանության նախարարության նոտան՝ փոխնախարար Դումբաձեի ստորագրությամբ։ Նոտայում սպառնալից տոնով նշվում էր, որ չկատարելով Պետխորհրդի որոշումները՝ Ախալքալաքի շրջանային վարչությունը սովի է մատնել վրացական բանակը։  

Շրջաններում դժգոհություններն արտահայտվեցին նաև զանգվածային բողոքի հանրահավաքներով և ստորագրահավաքներ կազմակերպելով՝ ընդդեմ այս որոշման։ Մեծ Հանրահավաք տեղի ունեցավ 1992թ. հունիսի 5-ին և 6-ին Ախալքալաքում, որի ընթացքում ընդունված կոչի տակ ստորագրեցին շատ գյուղերի բնակիչներ (օրինակ՝ գյուղ Ազավրեթից ստացվել էր 98, գյուղ Կորխից՝ 213 ստորագրություն) [24] ։

Բողոքի ընդարձակ հոդվածով հանդես եկավ նաև Ջավախքում տարածվող «Ասպնջակ» պարբերաթերթը [25]։

Վրաստանի կառավարության հողային իրավահարաբերություններին առնչվող վերոբերյալ որոշումները լրջագույն խնդիրներ ստեղծեցին նաև Դմանիսի, և, հատկապես՝  Բոլնիսի և Մառնեուլի գերազանցապես ադրբեջանաբնակ, մասամբ հայաբնակ շրջաններում։ Այստեղ ևս արգելվեց հողերի սեփականաշնորհումը։

Հետագայում՝ 1994թ., երբ Վրաստանի մինիստրների կաբինետի նոր որոշմամբ հետ 21 կիլոմետրանոց սահմանային գոտին չձևավորվեց (1998թ. ընդունված «Պետական սահմանների մասին օրենքի» համաձայն որոշվում էր 5 կիլոմետրանոց սահմանամերձ գոտին և 500 մետրանոց սահմանային գիծը, որտեղ նախկինում չէր թույլատրվում հողային սեփականաշնորհում), վերոնշյալ շրջանների նշյալ օրենքների տակ ընկած հողատարածքները վարձակալությամբ հանձնվեցին պետությանը, որից էլ այդ հողատարածքները յուրօրինակ մեխանիզմներով ձեռք գցեցին  թբիլիսյան բիզնեսմենները, որոնք հիմնականում վրացիներ էին։ Ադրբեջանցի գյուղացիները ստացան հողի աննշան քանակ (0,15 - 0,25 հա), երբ այդ ընթացքում Վրաստանի ուրիշ շրջաններ ստացել էին ոչ պակաս, քան 1,25 - 1,5 հա [26]։ Այս անարդարության դեմ շուրջ մեկուկես տասնյակ տարի պայքարեցին ադրբեջանակն մի շարք կազմակերպություններ։ Այն մինչ վերջերս համարվում էր Վրաստանի ազգային փոքրամասնությունների շրջանում գոյություն ունեցող առաջնային խնդիրներից մեկը (հողը որպես եկամտի միակ աղբյուր տեսնող ադրբեջանցու մոտ այն թիվ մեկ խնդիրն էր)։

 2005թ. հուլիսին Վրաստանի խորհրդարանը ընդունեց «Գյուղատնտեսական հողերի սեփականաշնորհման մասին» նոր օրենք, որով նախկինում պետությանը պատկանող կամ վերջինիս վարձակալությամբ տրված հողերը դարձան սեփականաշնորհման ենթակա։ Այս օրենքով սեփականաշնորհման իրավունք ստացան նաև մինչև 500 մ երկարությամբ սահմանային շերտի մեջ մտնող հողատարածքները։  Նոր օրենքի շնորհիվ 2006թ. առաջին 7 ամիսների ընթացքում շուրջ 8.000 ադրբեջանցիներից յուրաքանչյուրն ստացավ 0,5 հա հողատարածք [27]։ Չնայած այս ամենին, վերոնշյալ շրջանների ադրբեջանական բնակչության շրջանում շարունակվում են հողի անարդարացի բաշխման հետևանքով առաջացած դժգոհությունները։ Այս խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնվում են տեղական և Ադրբեջանում գործող մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև անհատ գործիչների կողմից։

Վրաստանի Պետխորհրդի` 1992 թ. մայիսի 7-ի չարաբաստիկ որոշումից երեք օր անց՝ մայիսի 10-ին, վրացական ազգային գվարդիայի զինվորական մի գումարտակ տեղակայվեց ՀՀ - Վրաստան սահմանի Նինոծմինդա – Բավրա անցակետի վրա, որոնց կողմից շուտով փակվեց սահմանն՝ այն պատճառաբանությամբ, որ այդտեղ պետք է տեղակայվեն մաքսային վարչության արգելափակոցները:  

Վրաստանի իշխանությունների կողմից ընդունված հերթական չարաբաստիկ այս որոշումների և վերջիններիս կասեցման, միաժամանակ նաև՝ ՀՀ-Վրաստան սահմանին տեղակայված ազգային գվարդիայի վտարման մասին մեզ հայտնի է նաև հետևյալը. [28] սահմանային գոտու ստեղծման, այդ գոտում զորակազմեր տեղակայելու հարցը, այդ որոշումներից, ինչպես նաև ջավախքյան նման բացասական արձագանքներից օրեր անց, քննարկվել է Թբիլիսիում՝ Վրաստանի իշխանությունների ակտիվի հավաքի ժամանակ։ Հավաքը վարող Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն խնդրում է Ախալքալաքի շրջանը ներկայացնող Սամվել Պետրոսյանին ներկայացնել իրավիճակը։ Մինչ վերջինս կպատրաստեր իր խոսքը, տեղից վեր է կենում  Վրաստանի փոխվարչապետ Պաատա Գոգուաշվիլին և հարց ուղղում Ս. Պետրոսյանին. «Պարոն Պետրոսյան, ասացեք խնդրեմ, ինչո՞ւ չեք բարեհաճում կատարել Վրաստանի կառավարության որոշումները»։ Ս. Պետրոսյանի պատասխանը լինում է հետևյալը. «Պարոն Գոգուաշվիլի, իսկ Վրաստանի կառավարությունը արդյո՞ք ընդունում է խելացի որոշումներ»։ Այս երկխոսությունը ավելի է մեծացնում նիստում եղած լարվածությունը։ Ս. Պետրոսյանի և Պ. Գոգուաշվիլու միջև տեղի ունեցած այս երկխոսությունն անգամ վերածվում է ֆիզիկական ընդհարման, հայտարարվում է ընմիջում, և միայն իրավապահների միջամտությունից ամեն ինչ հարթվում է։ Հասկանալի պատճառներով փոխվարչապետի դեմ են դուրս գալիս նաև նիստին ներկա աբխազական և օսական պատվիրակությունների ներկայացուցիչները։

Շուտով ՀՀ-Վրաստան սահմանին Վրաստանի ՊՆ կողմից տեղակայված վրացական ազգային գվարդիայի վտարման համար սահման է մեկնում ջավախահայ պատվիրակությունը: Ջավախքի հասարակական – քաղաքական գործիչ Դավիթ Ռստակյանն այդ առթիվ ներկայացնում է [29]. «Զորքի տեղակայումից անմիջապես հետո, իմ գլխավորած պատվիրակությունը (նշենք, որ Դավիթ Ռստակյանն այն ժամանակ հանդիսանում էր Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավարի տեղակալը (փոխպրեֆեկտը)) մեկնեց ՀՀ-Վրաստան սահմանային անցակետ, ուր մեզ ներկայացավ զորքի հրամանատար Զեդգինիձեն։ Ես փոխանցեցի նրան մեր մտահոգությունները՝ ասելով, որ մեր նախագահները ներկայումս բանակցությունների մեջ են, դուք ինչո՞ւ եք եկել այստեղ կամ ի՞նչ խնդիրներ կան ձեր ոլորտի հետ կապված։ Նա պատասխանեց, որ ինքը զինվորական է և կատարում է իր ղեկավարության հրամանները։ Մենք նրան պաշտոնապես փոխանցեցինք հետևյալը. «Փոխանցիր հիմա քո հրամանատարությանը, որ եթե կես ժամ հետո դուք չհեռանաք այստեղից, ապա մենք այդ ուղղությամբ կձեռնարկենք միջոցներ»։ Նա մեզանից խնդրեց մեկ ժամ։ Ինչպես հետագայում պարզվեց, վրացական զորախմբից կապվել են Ստեփանավան՝ երկու երկրների նախագահների հանդիպման վայր, որտեղից Է. Շևարդնաձեն զորախմբին հրահանգել է խնդիրներ չստեղծել և իսկույն հեռանալ։ Զորքը ճանապարհ ընկավ դեպի ետ՝ Ախալքալաք, որտեղից էլ՝ Ախալցխա։

Զորքի հեռանալուց հետո, երբ բարձրացանք Ախալքալաքի շրջվարչության շենք, հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, որոնք մեղադրում էին շրջվարչության նախագահ Ս. Պետրոսյանին այն բանի մեջ, որ վերջինս, լինելով պատասխանատու պաշտոնյա անձ, իր ձեռքով թույլատրել էր զորքի անարգել մուտքը Ջավախք և վերջինիս տեղակայումը սահմանային անցակետի մոտ։ Ես բարձրանալով կաբինետ, որպես գործողության պատասխանատու - պաշտոնյա՝ հայտնեցի Ս. Պետրոսյանին, որ զորքն արդեն իջնում է Ախալցխա, այսինքն՝ ամեն ինչ իրականացվել է ճշգրտորեն»։

Ինչպես արդեն նկատեցինք, սույն դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ Ստեփանավան քաղաքում հանդիպում էին երկու երկրների՝ ՀՀ և Վրաստանի նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանն ու Է. Շևարդնաձեն [30]։  Դա 1992թ. հունիսի 5-ն էր։ Բարձրաստիճան հանդիպումը լուսաբանող պաշտոնական հրապարակումներում ջավախքյան այս իրադարձության մասին չկան տեղեկություններ։ Պատճառը «հասկանալի է»՝ չվտանգել «նորակառույց» «բարեկամական» հարաբերությունները։ (Լրացուցիչ նշենք, որ հանդիպման պաշտոնական օրակարգում եղել է Վրաստանի տարածքով անցնող հայկական հաղորդակցման միջոցների, կոմունիկացիաների և, հատկապես, գազատարի անվտանգությունն ապահովելու մասին հարցը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև երկու պետությունների մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու մասին։ Այս գործընթացն իր շարունակությունն ստացավ 1992թ. հուլիսի 18-ին երկու երկրների արտգործնախարարների երևանյան հանդիպման ժամանակ, երբ կողմերը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը [31])։     

Ջավախքյան զինված ջոկատայինների ներկայացրած վերջնագրի լուրը կարճ ժամանակ անց հասնում է Երևան, այնտեղից էլ՝ Ստեփանավան՝ նախագահների հանդիպման վայր։ Շուտով այս ամենին հետևում է Է. Շևարդնաձեի կարգադրությունը՝ վրացական ազգային գվարդիան  անհապաղ հեռացնել Ջավախքից։ 

Ախալքալաքի շրջվարչության վերոհիշյալ նիստով ընդունված բողոքի նոտան՝ ուղղված Վրաստանի Պետխորհրդին, Ջավախքի բնակչության բազմահազարանոց ցույցը՝ Ախալքալաքի Մ. Մաշտոցի (նախկին Լենինի) անվան հրապարակում, ջավախահայության նման սկզբունքային պահվածքը՝ վտարեցին ազգային գվարդիան վերոհիշյալ սահմանագլխից [32], կանխվեց նաև սահմանային գոտու ստեղծման վերոհիշյալ տխրահռչակ որոշումների իրագործումը:  

 
Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն
 
Հղումներ
_________________

[1] Кабинет министров Республики Грузия, Постановление N 48, 18 января 1992г., г. Тбилиси.

[2] Նույն տեղում:

[3] Заседания Правления Ахалкалакского района от 26.05.1992г., Решение N 48, г. Ахалкалак.

[4] Джонатан Уитли, Интеграция национальных меньшинств в регионах Грузии Самцхе-Джавахети и Квемо Картли. Пять лет президентсва М. Саакашвили, Рабочий доклад ECMI (EUROPEAN CENTRE FOR MINORITY ISSES), N 44, сентябрь 2009 г., с. 47.

[5] Заседания Правления Ахалкалакского района от 11.04.1992г., Решение N 25, г. Ахалкалак.

[6] Дополнение к решению N 25 от 11.04.1992г., принято заседанием Правления Ахалкалакского района от 11.04.1992г., г. Ахалкалак.

[7] Заседания Правления Ахалкалакского района от 11.04.1992г., Решение N 25, г. Ахалкалак.

[8]  Дополнение к решению N 25 от 11.04.1992г., принято заседанием Правления Ахалкалакского района от 11.04.1992г., г. Ахалкалак.

[9] Նույն տեղում:

[10] Նույն տեղում:

[11] Постановление Государственного совета Республики Грузия, о решении комплексных проблем по формированию и функционированию пограничной зоны Республики Грузия, 7 мая 1992г., N 10, г. Тбилиси.

[12]  Նույն տեղում:

[13] Նույն տեղում:

[14] Նույն տեղում:

[15] Նույն տեղում:

[16] Նույն տեղում:

[17] Նույն տեղում:

[18] «Ազատամարտ», 5-11 հունիսի 1992, թիվ 23:

[19] Постановление Государственного совета Республики Грузия, о решении комплексных проблем по формированию и функционированию пограничной зоны Республики Грузия, 7 мая 1992г., N 10, г. Тбилиси.

[20] Նույն տեղում:

[21] Решение N 48,Заседания Правления Ахалкалакского района от 26.05.1992 г., Орезультатах обсуждения постоновления Госсовета Республики Грузия и о решении комплексных проблем по формированию пограничной зоны Республики Грузии, 7 мая, 1992г., за N 10, г. Ахалкалаки. 

[22] Նույն տեղում։

[23] Նույն տեղում։

[24] Տե'սայդ առթիվ հավաքված ստորագրությունների ցանկերը։ 

[25] «Ասպնջակ», 27.06.1992, թիվ 4 (16):

[26]  Джонатан Уитли, Интеграция национальных меньшинств в регионах Грузии Самцхе-Джавахети и Квемо Картли. Пять лет президентсва М. Саакаш?вили, Рабочий доклад ECMI (EUROPEAN CENTRE FOR MINORITY ISSES), N 44, сентябрь 2009 г., с. 47.

[27]  Նույն տեղում, էջ 48։

[28] Սույն պարբերության բովանդակությունը մեզ է ներկայացրել Սամվել Պետրոսյանը։

[29] Դավիթ Ռստակյանի հետ մեր հարցազրույցը տեղի է ունեցել 2009թ. սեպտեմբերի 20-ին՝ Երևանում։

[30] «Հայաստանի Հանրապետություն», 06.06.1992։

[31] «Ազգ», 18.07.1992, հմմտ.՝ «Հայաստանի Հանրապետություն», 18.07.1992:

[32]  «Ազատամարտ», թիվ 35, հունիս, 1992թ.:
Категория: Վերլուծություն | Просмотров: 933 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ