Ռուսաստանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը հնարավորինս շուտ: Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում: «Ռուսաստանն ընդգծել է իր աջակցությունը գործընթացին: Մենք կողմ ենք, որ այդ հարաբերությունները նորմալանան: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ ողջ տարածաշրջանի համար: Մենք այդ գործընթացին մեր աջակցությունը կարող ենք ունենալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականցմամբ, որոնցով հետաքրքրված է և Հայաստանը, և Թուրքիան: Դա կարող է լինել նաև էլեկտրաէներգիայի մատակարարման, երկաթուղային հաղորդակցության առումով. այնպես որ` երբ և եթե կողմերը լինեն պատրաստ, Ռուսաստանը կարող է իր ներդրումն ունենալ այդ գործին»,-նշեց ՌԴ ԱԳ նախարարը:
«Թուրքիայի հետ Ռուսաստանի էներգետիկ հետաքրքրություններն արդյոք կարո՞ղ են ավելի թանկ լինել, քան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի իրականացմանը հաջողությամբ հասան Աբխազիայի, Օսիայի ժողովուրդները` Ռուսաստանի` մեր ռազմավարական դաշնակցի օգնությամբ» հայ լրագրողի հարցին Ս.Լավրովը պատասխանեց. «Պատասխանը պարզ է` չեն կարող»: Ինչ վերաբերում է Ս.Լավրովի` Հայաստան այցի և Թուրքիայի վարչապետ Թ.Էրդողանի` Ռուսաստան այցի ժամկետների համաձայնեցման վերաբերյալ շահարկումներին, Ս.Լավրովը նշեց, որ իր այցը ծրագրված է եղել մեկուկես ամիս առաջ, իսկ Թուրքիայի վարչապետը Ռուսաստան այցի ցանկություն է հայտնել մի քանի օր առաջ:
Է.Նալբանդյանը նշեց, որ իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան դեռեւս Աթենքում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հավաքի շրջանակներում` նախորդ տարի դեկտեմբերի սկզբին: ՀՀ ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ 2009թ-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն անցնում են վավերացման գործընթաց: Հայաստանը և Թուրքիան 2009թ-ի օգոստոսի 31-ին արված իրենց համատեղ հայտարարությամբ պարտավորվել են ամեն ինչ անել` խելամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման համար: Հայաստանը, հավատարիմ իր պարտավորություններին, արդեն իսկ ունի Սահմանադրական դատարանի որոշումը, թեև ժամկետների առումով կարող էր ՍԴ որոշումն ունենալ փետրվարի վերջին:
Հայաստանում վավարեցաման ընթացակարգն, ըստ նախարարի, ավելի բարդ ճանապարհ է անցնում, Թուրքիայում այն ավելի պարզեցված է, և արդեն հոկտեմբերին ուղարկվել է խորհրդարան: «Ես չեմ ցանկանում ունենալ այնպիսի տպավորություն, որ Թուրքիան միտումնավոր կասեցնում է վավարեցման գործընթացը, որը կնշանակի, որ նրանք չեն կատարում իրենց վրա վերցրած պարտավորությունները: Իսկ խելամիտ ժամկետներ նշանակում են` չստեղծել արհեստական խոչընդոտներ: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը լուրջ ազդակ է Թուրքիային, որ անհրաժեշտ է կատարել պարտավորությունները, որ մենք վերցրել են մեզ վրա»,-ընդգծեց նախարարը:
|