Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով քարոզչական պատերազմից, նշեց, որ ադրբեջանական քարոզչության մեջ ոչինչ չի փոխվել ` նույն քարացած դոգմատիկ դրույթները կրկին փորձում են կիրառել:
Նրա խոսքով, ինֆորմացիոն հոսքի մեջ մենք անընդհատ հանդիպելու ենք մոտալուտ պատերազմի վերսկսման մասին ինչ- որ հայտարարությունների: «Հակառակորդին սպասարկող կամ իրենց պաշտոնատար անձինք, փորձագետներն անընդհատ կանխատեսելու են, ինչ- որ հայտարարություններ են արվելու: Սակայն միշտ պետք է տարանջատել քարոզչությունն իրականությունից»,- ասաց նա:
Նրա խոսքով, ադրբեջանական քարոզչության մեջ շեշտը դրվում է տնտեսական պրոբլեմների վրա, շրջափակման և այլն խնդիրների վրա, սակայն իրականության մեջ մենք, ռեալ սպառնալիքները գնահատելով, պետք է հասկանանք, որ մենք դատապարտված ենք զարգանալ, արդյունավետ պետականություն կերտել` մշտական արտաքին վտանգի ֆոնի տակ: «Այսինքն, սա միշտ լինելու է և սա պետք է ծառայի արդյունավետ պետականաշինության գործին: Այլ կերպ հնարավոր չէ, մենք չենք կարող փոխել մեր հարևաններին, մեր թշնամիների էթնոքաղաքական նպատակները, բայց նաև պետք է հզորանանք: Այսինքն այս տարածաշրջանում նպատակներն իրարամերժ են, մենք մերն ունենք, իրենք` իրենցը, պետք է զարգանանք այս կոնտեքստում»,- ներկայացրեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյան էլ նշեց, որ մեր կողից քարոզչական պատերազմը պետք է մի փոքր ակտիվացնել: «Պետք է մեր զինվորականների, բանակի դրական ձեռքբերումներն ավելի ակտիվ ներկայացնել, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ բանակում միայն բացասական երևույթները չէ, որ տեղի են ունենում»,- ասաց նա:
Ըստ փորձագետի, վերջերս մեր մոտ նկատվել է կանխարգելիչ դատողության գերակայություն: «Մենք սկսել ենք ավելի կանխարգելիչ մտածել և գործել: Եթե նախկինում նրանք ինչ-որ բան էին ասում, իսկ մենք պատասխանում էինք, թե գործով, թե խոսքով, ապա վերջերս ի ուրախություն մեզ, քարոզչական պատերազմում և բանակային համակարգում մենք սկսել են կանխարգելիչ գործողություններ իրականացնել, որն ավելի ճիշտ մարտավարություն է տվյալ պարագայում»,- ասաց նա:
Փորձագետ նաև հավելեց, որ ուղղակի պատերազմի վարման ձևերին ու նոր մարտավարությանը մենք պիտի ավելի լավ ընտելանանք: «Մենք ասելով, ես նկատի ունեմ հասարակությանը և ոչ թե բանակը: Բանակը շատ լավ պատրաստ է, դա միանշանակ կարող եմ պնդել»,- ասաց նա:
/Panorama.am/
|