Թունիսում տեղի ունեցած իրադարձություններն ուղերձ են հանդիսանում և Ադրբեջանի, և Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԱՀՀԿ կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Ներկայացնելով խռովությունների նախապատմությունը` ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս խռովությունները Թունիսում սկսել են մեկ անհատի կողմից, որը ամենևին էլ հեղափոխական չէր, պարզապես համալսարանական կրթություն ունեցող 26-ամյա երիտասարդ էր, ով աշխատանք չուներ:
Ռ. Կիրակոսյանի ներկայացրած տվյալների համաձայն, այդ տղան փողոցային առևտրով էր զբաղվում, իսկ Թունիսի իշխանություններն արգելել են փողոցային առևտրով զբաղվել, և դրա հաջորդ օրը տղան ինքնահրկիզվել է: «Դրա պատճառը հետզհետե սաստկացող վրդովմունքն էր: Հենց նրա մահն էլ դարձավ Թունիսում սկսված խռովությունների առիթ, որոնք հիմնականում սկսեցին գյուղական վայրերից, ապա ընդգրկեցին նաև քաղաքները»,-ասաց նա: Առաջացած դժգոհությունների պատճառը գործազրկությունն էր, կոռուպցիան:
Ռ. Կիրակոսյանը Թունիսի դեպքերը կապելով Ադրբեջանի հետ նշեց, որ Ադրբեջանի համար Թունիսում կատարված իրադարձությունները նույնպես մեծ նշանակություն ունեն: «Ադրբեջանի համար այս իրադարձություններն ինչ-որ տեղ նաև զգուշացում են պարունակում, այս երկրում իշխանությունը նույնպես անցնում է հորից որդուն» :
Բացի այդ, նա նշեց, որ այս իրադարձություններից հաղթողներ ու պարտվողներ են դուրս եկել: Ըստ նրա մեկնաբանության, հաղթողի դերում են հանդիսանում Ռուսաստանն ու Թուրքիան: «Ավելի կոնկրետ, հաղթողը Թուրքիան է: Այստեղ Թուրքիան առաջ է եկել որպես միջնորդ: Թուրքիան հանդիսանում է որպես չակերտավոր լուռ միջնորդ թունիսական քաղաքական ճգնաժամում: Թուրքիան ձգտում է «շատ հարևանների հետ` շատ խնդիրներ»-ից գնալ դեպի «զրո խնդիրներ` զրո հարևանների հետ»»,-եզրափակեց Ռ. Կիրակոսյանը:
Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ հասարակական այս դժգոհություններից յուրաքանչյուրը դրսևորվում է նաև այստեղ: Թունիսի օրինակը, նրա խոսքով, Հայաստանին ցույց է տալիս այն թուլությունը, որը կա «լեգիտիմության պակասի պատճառով»:
«Սա նաև մեզ ցույց է տալիս հաջողության օրինակը, որին կարելի է հասնել առանց ղեկավարի հեղափոխության միջոցով: Շատ դժվար է հեղափոխություն իրականացնել առանց հեղափոխականների: Եվ բացի այդ, սա Հայաստանյան իրականությունում ցույց է տալիս, որ մարտիմեկյան իրավիճակը դեռ լուծված չէ»,-ասաց նա:
Ռ. Կիրակոսյանը նշեց, որ իշխանությունների համար վտանգավոր է հասարակության պահանջներն անտեսելն ու դրանք չկատարելը: Քաղաքական վերլուծաբանի խոսքով, հասարակական դժգոհությունների առիթ է նաև երկրի տնտեսական իրավիճակը, որն առաջին հերթին արտահայտվում է սննդի գնի բարձրացումով, կոռուպցիայի առկայությամբ, գազի թանկացումով ու այլ խնդիրներով, որոնք առկա են երկրի տնտեսությունում:
«Հարկավոր է չանտեսել ժողովրդի կողմից հնչած պահանջները»,- ահա սա է, ըստ վերլուծաբանի, Հայաստանի համար կարևոր դասը:
/Panorama.am/
|