«Բացի բակային տարածքների բարեկարգումից, Կենտրոնում որևէ այլ շինթույլտվություն սկզբունքնորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որևէ շինարարություն չի լինելու։ Ինքնակամ և ապօրինի շինարարության ոլորտում նույնպես կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու»,- քաղապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Խոսելով մայրաքաղաքի կենտրոնում շինարարության ծավալների մասին, ընդգծել է, որ դրանք էականորեն նվազելու են:
Նա նշել է, որ վերահսկողությունը շարունակական է լինելու նաև ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ։ Նշենք, որ քաղապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել էԵրևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը քաղաքապետը նախ նշել է, որ առաջիկա ուրբաթ օրը Երևանի ավագանու դիտարկմանը կներկայացվի քաղաքապետարանի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների նախագիծ։ Կարևորվել է քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի լիազորությունների կանոնակարգումը, և հանձնարարվել միջոցներ ձեռնարկել դրանց ապակենտրոնացման ուղղությամբ։
Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է գույքագրել ավտոկայանատեղիները և դրանք բերել օրինական դաշտ։ Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության և ուղևորահոսքը կառավարելի դարձնելու նկատառումով առաջարկվել է տրանսպորտային նոր հայեցակարգ մշակել: Բացի այդ, հանձնարարվել է մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեղադրել տեսախցիկներ։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: /Panorama.am/
|