Ադրբեջանում խախտում են ազգային փոքրամասնությունների իրավունքները. տեղի լեզգիները դիմել են հայերի օգնությանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը ներկայացնելով խնդիրը նշեց, որ այս տարվա հունվարի 13-ին Ադրբեջանի տարածքում գտնվող Խրախ-ուբա լեզգիական գյուղն անցել է Ադրբեջանի Խաչմազի միգրացիոն ծառայության պատվիրակությանը` ծառայության պետի տեղակալ Էլման Ալիևի գլխավորությամբ: «Նշենք, որ Սովետական տարիների այս գյուղը եղել է Դաղստանի տարածք, իսկ Սովետական Միության փլուզումից հետո Խրախ-ուբան դարձել է Ռուսաստանի անկլավային գյուղ` Ադրբեջանի տարածքում: Գյուղի բոլոր բնակիչները Ռուսաստանի բնակիչներ են»,-ասաց նա:
Հ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ իր տեղեկությունների համաձայն, գյուղի բոլոր բնակիչները հանդիպել են է. Ալիևի պատվիրակության հետ, իսկ վերջիններս նրանցից պահանջել են կամ հեռանալ գյուղից, կամ` հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, հակառակ պարագայում` սպառնացել են դեպորտի ենթարկել գյուղի բնակիչներին:
Բանախոսը նշեց, որ գյուղացիներն իրենց շահերը պաշտպանելու համար ստեղծել են «Խրախ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Այվազ Փանախովը: «Նրանք բաց նամակով դիմել են Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներին` խնդրելով հարցին իրավական լուծում տալ, սակայն տեղեկատվական բլոկադայի մեջ հայտնված լեզգիների ձայնը լսելի չի եղել երկու երկրների նախագահներին: Այսպիսով` նրանք դիմել են հայերի, մասնավորապես հայկական լրատվամիջոցների, օգնությանը»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ այս խնդիրը լրատվամիջոցների շնորհիվ տարածելով արձագանքում են լեզգիների խնդրանքին, ու այդպիսով ներկայացնում այն, ինչ կատարվում է այդ գյուղում` ադրբեջանցիների կողմից: Սակայն քաղաքագետը նշեց, որ ինքը հարցումով չի դիմել Ռուսաստանի դեսպանատուն և չի հստակեցրել, ՌԴ նախագահին լեզգիների կողմից բաց նամակ ներկայացվել է, թե` ոչ:
/Panorama.am/
|