Անընդունելի է, որ Եվրամիության անդամ է ձգտում դառնալ մի երկիր, որը հարևանների հետ շրջափակման ու տնտեսական մեկուսացման պայմաններ է ստեղծում: Նման տեսակետ է արտահայտել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի պատվին երեկ երեկոյան մատուցված պաշտոնական ընթրիքին ունեցած ելույթում:
«Պարոն Նախագահ, Եվրոպական միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Կովկասյան տարածաշրջանին: Այս շրջանակներում Հունաստանն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների էական զարգացմանը: Հայաստանը մշակույթ և ավանդույթներ, պատմական եվրոպական արմատներ ունեցող երկիր է, եվրոպական երկիր»,- Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ` ընդգծել է Կարոլոս Պապուլիասը:
Իր խոսքում Հունաստանի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:
«Մենք հատուկ ուշադրությամբ ենք հետևում հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքին,- նշել է նախագահ Պապուլիասն ու հավելել,- Հարաբերությունների կարգավորմամբ և սահմանների բացմամբ կորոշվի թուրքական քաղաքականության հուսալիությունը: Անընդունելի է, որ մի երկիր, որը ձգտում է դառնալ Եվրոպական միության անդամ, փակում է հարևանների հետ սահմանները, ստեղծում շրջափակման ու տնտեսական մեկուսացման պայմաններ»: /Aysor.am/
|