Վրաց եկեղեցու Պատրիարքարանը անհանգստություն է հայտնել Թուրքիայում վրացական 4 եկեղեցիների, իսկ Վրաստանում` 4 թուրքական մզկիթների և մեկ բաղնիքի վերականգնման բանակցությունների կապակցությամբ: Պատրիարքարանը վրդովմունք է արտահայտում, որ վերականգնման աշխատանքների շուրջ բանակցությունները Վրաստանի իշխանությունները վարում են «առանց վրացական եկեղեցիների սեփականատիրոջ», տեղեկացնում է «Ռոսբալտը»` հղում անելով «Գրուզիա Օնլայն» -ին:
Վրաց եկեղեցու ղեկավարությունն իր հայտարարության մեջ նշում է, թե վրացական օրենսդրության համաձայն` Եկեղեցին հանդիսանում է հասարակական իրավունքի իրավաբանական անձ և վրացական ուղղափառ եկեղեցիների սեփականատերը, իսկ պետությունը պարտավոր է բանակցություններ վարել արտասահմանում գտնվող վրացական եկեղեցիների սեփականության և խնամքի շուրջ:
Պատրիարքարանում մտահոգություն են հայտնում, որ Վրաստանի իշխանություններն անտեսել են եկեղեցուն նաև այլ բանակցությունների ժամանակ: Այնտեղ նաև գտնում են, որ Օշկի, Պանձտա, Օտխթա և Իշխանի հուշարձանները կարող էին վերականգնվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, իսկ թուրքական իշխանությունները կարող էին այլ եկեղեցիներ վերականգնել:
«Մենք կանխավ ասել էինք և այժմ կրկնում ենք, որ համարում ենք Թուրքիան մեր գործընկերը, որի հետ մեզ կապում են բարիդրացիական հարաբերություններ: Բնականաբար, հարց է ծագում. եթե Վրաստանում մեծ թվով նոր մզկիթներ և ջամեներ են գործում, ինչու՞ դրան զուգահեռ մեր բարեկամ երկում չեն կարող գործել գոնե 2-3 վրացական վանական համալիրներ, հատկապես որ նրանց համար հոտ պետք չէ, և ինչու թուրքական կողմը չի կարող դա իրականացնել փոխադարձության հիման վրա` 5/4 հարաբերակցությամբ», - ասված է Վրաց եկեղեցու հայտարարության մեջ:
Պատրիարքարանում նաև մտահոգություն են հայտնում, թե ո՞ւմ սեփականությունն են հանդիսանալու Վրաստանում վերականգնված մզկիթները և Թուրքիայում` ուղղափառ եկեղեցիները:
/Aysor.am/
|