Այս նամակը հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ» օրաթերթում 1990 թվականի հուլիսի 27-ին` Բաքվի հունվարյան արյունալի շաբաթից կես տարի անց: Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 100-ից ավելի հայտնի իրավապաշտպան, գիտնական և հասարակական գործիչներ իրենց ստորագրությունը դրեցին այս դիմումի տակ, որը Ֆրանսիայի Հելսինկյան համաձայնագրի ապահովման կոմիտեի և Միջազգային փիլիսոփայության քոլեջի (Փարիզ) համատեղ նախաձեռնությունն էր:
21 տարի առաջ գրված այս նամակը այսօր էլ արդիական է, քանի որ ռասիստական, մարդատյացություն սերմանող գաղափարախոսությունը, որով ուղղորդվում էին Բաքվում հանցագործությունների կազմակերպիչներն ու դրանք իրականացնողները, ինչպես ավելի վաղ Սումգայիթում, այսօր դարձել է Ադրբեջանի Հանրապետության պետական քաղաքականության հիմքը, բովանդակությունը և ռազմավարությունը:
Մնում է հուսալ, որ գոնե 21 տարի անց ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ ներգրավված երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքական գործիչներն ու ղեկավարները կանսան միջազգային հանրության ներկայացուցիչներին, ովքեր 21 տարի առաջ նախազգուշացնում էին` «Անտարբերությունն ու լռությունը կարող են նոր ցեղասպանության պատճառ դառնալ»: Նրանց խոսքերը, ցավոք, մարգարեական դարձան. 1992 թվականի ապրիլին Ադրբեջանը նոր ցեղասպանություն իրագործեց, այս անգամ` Ղարաբաղի Մարաղա գյուղում: Ներկայացնենք նամակը.
New York Times, 27 հուլիսի, 1990 թ. Բաց նամակ` ուղղված միջազգային հանրությանը` Խորհրդային Միությունում հայերի ջարդերի վերաբերյալ
Կրկին եկավ ջարդերի ժամանակաշրջանը. ժամանակաշրջան, որը մենք ավարտված էինք համարում: Ադրբեջանի հայ համայնքը այս տարի ևս ծրագրված դաժան և անտանելի ջարդերի զոհ դարձավ:
Որպես գիտնականներ, գրողներ, դասախոսներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ ցանկանում ենք, նախևառաջ, արտահայտել մեր խորին վրդովմունքը նման բարբարոսական գործողությունների հանդեպ, որոնք, ինչպես մենք հավատացած էինք, մնացել էին մարդկության անցյալի էջերում: Մեր դիմումը կարելի է դիտարկել, որպես տեղի ունեցող չարագործություների դատապարտում:
Մեր նպատակն է միջազգային հանրությանը զգուշացնել այն շարունակական վտանգի մասին, որը ռասիզմը ներկայացնում է մարդկության ապագայի հանդեպ: Մեզ ցավ է պատճառում այն հանգամանքը, որ համակենտրոնացման ճամբարներում նացիստների կողմից հրեա ժողովրդի դեմ կատարած ցեղասպանությունից և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից ընդամենը կես դար անց` բախվելով մարդու իրավունքների նման սարսափելի խախտումների հետ, մենք միևնույն անկարողությունն ենք ցուցաբերում հակազդեցության առումով: Աններելի կլիներ, եթե այժմ մեր լռության պատճառով նպաստեինք նոր զոհերի թվի աճին և նրանց տառապանքներին:
Կովկասում հայերի կացությունը շատ լուրջ է, և լռությունն աններելի է: Այդ իսկ պատճառով մենք մեր պարտքն ենք համարում օգնել վտանգի մեջ գտնվող ժողովրդին: Այսօր մեր պարտքի խոր զգացումը դրդում է մեզ դիմել միջազգային հանրությանը և հասարակական կարծիքին:
Ավելի քան 2 տարի առաջ Ադրբեջանում հայերի հանդեպ ակտիվ հալածանքներ սկսվեցին: 1988 թվականի փետրվարի սումգայիթյան ջարդերին հետևեցին 1988 թվականի նոյեմբերի կոտորածները Կիրովաբադում և Բաքվում: Դրանք մինչև 1990 թվականի հունվար ամիսը շարունակվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ տարածքներում: Այն հանգամանքը, որ այս ջարդերը կրկնվում էին և շարունակվում էին նույն մեթոդներով, հիմք է տալիս մտածել, որ այս ողբերգական իրադարձությունները պատահական չէին, այլ` ծրագրված:
Դեռ ավելին, մենք ստիպված ենք ընդունել, որ այդ երկրի ազգությամբ հայ փոքրամասնության նկատմամբ իրականացվող հանցագործությունները կրել են պարբերական բնույթ, եթե չասենք` քաղաքականություն են եղել Սովետական Ադրբեջանում: Անդրեյ Սախարովի համոզմամբ ("Նյու Յորք Թայմզ”, 26 նոյեմբեր, 1988թ.), այս ջարդերը Ադրբեջանի հայ համայնքին և Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությանը, որի 80%-ը հայեր են, սպառնում են վերացման իրական վտանգով: Սարսափը սահմաններ չունի, հատկապես, երբ վտանգն ուղղված է հայ ժողովրդի դեմ, որը դեռևս 1915 թվականին շատ թանկ վճարեց այն բանի համար, որ փորձեց Օսմանյան կայսրությունում տարբերվել մնացյալից: Այնտեղ հայ բնակչության կեսը դարձավ ցեղասպանության զոհ, որը ռասիզմի արտահայտման վատթարագույն ձևն է: Սակայն, եթե վերջին շրջանի ջարդերը գիտակցության մեջ արթնացրին նախկին կոտորածի անմոռանալի սարսափը, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկա շրջափակումը, որը շարունակվում է 1989 թվականի օգոստոսից, նոր ցեղասպանության հեռանկարներ ուրվագծեց: Հայտնի է, որ ողջ բեռները, որոնք Լեռնային Ղարաբաղ և Հայաստան (85%) են մտնում, անցնում են Ադրբեջանով: Հետևաբար չենք չափազանցնի, եթե ասենք, որ նման շրջափակումը հավասարազոր է Հայաստանը խեղդամահ անելուն: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժից հետո վրա հասած շրջափակումը կաթվածահար արեց երկրի տնտեսությունը և հզոր հարված հասցրեց աղետի գոտու վերականգնողական աշխատանքներին:
Ելնելով մեր պարտքի զգացումից` պահանջում ենք խորհրդային ղեկավարությունից, ինչպես նաև միջազգային հանրությունից` միաձայն դատապարտել հայերի ջարդերը և մասնավորապես այն ռասիստական գաղափարախոսությունը, որն օգտագործվում է ոճրագործության կազմակերպիչների կողմից` որպես հանցանքի արդարացում: Մենք խնրում ենք խորհրդային ղեկավարությանը և միջազգային հանրությանը, որ անհապաղ ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները Կովկասի և Խորհրդային Միության այլ տարածքներում հայ բանկչության անվտանգությունը ապահովելու համար: Անհրաժեշտ է վերջնականապես վերացնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջափակումը: Պետք է գիտակցել, որ ԼՂ-ից հայերի տեղահանումը խնդրի լուծում չի լինի, ավելին` դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Միջազգային հանրությունը պետք է ապացուցի իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ, որպեսզի անտարբերությունն ու լռությունը նոր ցեղասպանության պատճառ չդառնան:
/Panorama.am/
|