Հայ-կիպրական բարեկամությունը զարգացման մեծ ներուժ ունի: Aysor-ի թղթակցի փոխանցմամբ` Կիպրոսի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ ստորագրված չորս փաստաթղթերն այդ ուղղությամբ կարևոր խթան են:
Կիպրոսի Հանրապետության նախագահին շնորհակալություն հայտնելով հրավերի համար և ամփոփելով կայացած բանակցությունները` Հայաստանի Նախագահը նշեց. «Հայաստանի անկախությունից ի վեր` մեր երկրների միջև հաստատվել են ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, իսկ նոր ժամանակներում` նաև ընդհանուր եվրոպական ժողովրդավարական արժեքները»:
Խոսելով կիպրացի գործընկերոջ հետ ունեցած բանակցությունների մասին` հանրապետության ղեկավարը տեղեկացրեց, որ անդրադարձել են առևտրատնտեսական հարաբերություններում առկա վիճակին. «Նախագահ Խրիստոֆիասի հետ արձանագրեցինք, որ հավելյալ քայլեր կձեռնարկենք համագործակցության ողջ ներուժը լիարժեք օգտագործելու համար: Կարծում եմ` դրան կնպաստի հենց այս այցի շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը, ինչպես նաև մի քանի օր առաջ Երևանում կայացած հայ-կիպրական միջկառավարական հաննաժողովի առաջին նիստը»:
Սերժ Սարգսյանի խոսքերով` Հայաստանի և Կիպրոսի դեպքում հեռանկարային է համագործակցությունը զբոսաշրջության և սննդամթերքի վերամշակման գործում, իսկ մշակութային ոլորտում առկա ամուր կապերի զարգացումը բացառիկ կարևորություն է ներկայացնում:
Ամփոփելով խոսքը` ՀՀ Նախագահն ընդգծեց. «Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունները փայլուն ապագա ունեն: Եվ ուզում եմ վստահեցնել բոլորին, որ ես և նախագահ Խրիստոֆիասը կանենք ամեն ինչ այդ ուղղությամբ»:
/Aysor.am/
|