Վերոհիշյալ հայտարարությունն արել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքերով, 2009 թվականը բավականին բարդ տարի էր ԼՂՀ զինված ուժերի համար, սակայն ԼՂՀ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմի ջանադիր աշխատանքի շնորհիվ հաջողությամբ լուծվել են բոլոր առաջադրված խնդիրները և ստեղծվել մարտունակության հետագա բարձրացման լավ նախադրյալներ:
«Ամենագլխավորն այն է, որ մենք ապահովել ենք ԼՂՀ սահմանների անվտանգությունը: Անցած տարում հակառակորդին չի հաջողվել լուրջ ոտնձգություններ կատարել: Առաջավոր գծում այսօր, քան երբևէ, մեր զինվորներն իրենց ավելի վստահ են զգում»,-ասել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ, հաճախացել են ղարաբաղյան դիրքերի գնդակոծումները հակառակորդի կողմից: Ընդհանուր հաշվով, ադրբեջանական կողմը 3 հազ. 42 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
Անդրադառնալով ԼՂՀ և ԱՀ զինված ուժերի շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու հարցին, նախարարը նշել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության հետ համապատասխան պայմանագրի ստորագրումից Ադրբեջանը հրաժարվել է:
Մեկնաբանելով պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, Մովսես Հակոբյանն ասել է. «Մենք պետք է հետևենք այդօրինակ հայտարարություններին և ճիշտ եզրահանգումներ անենք, ամեն ինչ ձեռնարկենք, որպեսզի դրանք այդպես էլ մնան հայտարարություններ: Ես վստահ եմ, որ եթե Ադրբեջանը պատրաստ լինի պատերազմի, ապա առանց որևէ մեկից հարցնելու, կսկսի այն: Այդ պատճառով էլ 16 տարի շարունակվող ոչ պատերազմի, ոչ խաղաղության պայմաններում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորները չեն հեռանում առաջավոր գծի խրամատներից, այդ պատճառով էլ մենք ունենք հերթապահ ստորաբաժանումներ, որոնք գտնվում են թիվ 1 մարտական պատրաստության մեջ»:
Նախարարը համոզված է, որ առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, անհնար է Լեռնային Ղարաբաղին պարտադրել որևէ կարգավիճակ: