Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր մեկնում է Ստամբուլ, որտեղ հունվարի 20-ին իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ կանցկացնի Ռազմավարական նախագծման համատեղ խմբի առաջին նիստը: Այս մասին հաղորդում է Վեստի.ռու-ն:
«Ստամբուլյան հանդիպման մասնակիցները նախատեսում են կարծիքներ փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ», - նշում է աղբյուրը` վակայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին:
«Կողմերը կքննարկեն համագործակցությունը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի հարցում, եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարները` Ռուսաստանի կողմից համապատասխան համաձայնագրի հեղինակ լինելու տեսանկյունից, ինչպես նաև համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում», - ասված է հաղորդագրությունում: Ինչպես հաղորդում է աղբյուրը, քննարկումների ուշադրության կենտրոնում կլինեն մերձավորարևելյան կարգավորումը, իրավիճակը Անդրկովկասում, Իրաքում, Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում:
Քննարկվող թեմա կլինի նաև Իրանի միջուկային խնդիրը: Հունվարի 21-22-ին Ստամբուլում տեղի կունենա ԵՄ արտքաին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը իրանական կողմի բանակցող` Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալիի հետ` «վեցնյակի» ներկայացուցիչների մասնակցությամբ:
/Aysor.am/
|