Իրանի և Հայաստանի հարաբերություններն անկեղծ են, միտված`դեպի զարգացման: Հայ-իրանական բարեկամական հարաբերությունները լավ նախադրյալ են հանդիսանում երկկողմ հարաբերությունները զարգացնելու տարբեր ոլորտներում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին:
Իրանի նախագահի առաջին տեղակալը, խոսելով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին, նշել է, որ երկու երկրներն ունեն նաև անկեղծ քաղաքական հարաբերություններ: Վերջինս նկատել է, որ գազի և էլեկտրոէներգիայի ոլորտում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է շատ արագ կյանքի կոչվեն: Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի մասին` Ռահիմին նշել է, որ երկաթգծի շինարարությունը բխում է երկու երկրների շահերից: «Ամբողջ աշխարհում հայերն ու մուսուլմանները խաղաղ գոյակցում են միմյանց հետ, իրանցիներն ու հայերը ևս երկար ժամանակ միմյանց հետ ապրել են բարեկամությամբ»,-նշել է Մոհամմադ Ռեզա Ռահիմին:
Արմեն Մովսիսյանը, դրական գնահատելով Թեհրանում կայացած բանակցությունները, նշել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում` հատկապես էներգետիկայի ոլորտում, պատրաստ է Իրանի հետ խորացնել համագործակցությունը:
/Panorama.am/
|