Գործը հեշտացնելու նպատակով, ընթերցողին առաջարկում ենք ևս մեկ անգամ վերհիշել այն կարևոր հայտարարություններն ու եզրահանգումները, որ հնչեցին մինչև հունվարի 25-ը` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այս տարվա առաջին հանդիպումը:
Հունվարի 5. Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարեց, որ «Երևանի հետ Անկարայի հարաբերությունների նորմալացումը ոչ մի առնչություն չունի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը»: Նա նշեց, որ Եվրոպայի որոշ ուժեր ճնշում են գործադրում Թուրքիայի վրա` համարելով, որ Հայաստանի հետ դեռևս չկարգավորված խնդիրը խոչընդոտ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: «Նույնիսկ եթե օրակարգում Եվրամիությանը մեր անդամակցության հարցը չլիներ` հայ - թուրքական հարաբերությունները այն խնդիրն է, որ Անկարան ցանկանում է կարգավորել»,- ընդգծեց նա:
Հունվարի 6. ՀՀ պաշտպանության նախարարը նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցեց, որ «մեր զինված ուժերը պատրաստ են լուծելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները և կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»։ Սա ընկալվեց որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամանորի ուղերձի պատասխան, որտեղ, ի զարմանս բոլորի, ռազմատենչ հայտարարություններ էին հնչել:
Թուրքմենստանի և Իրանի նախագահները հանդիսավոր կերպով բացեցին երկու երկրները կապող երկրորդ գազամուղը, որով նախատեսվում է թուրքմենական գազն արտաքին շուկա հանել Իրանի տարածքով: Փորձագետների դիտարկմամբ, այս փաստը նշանակալիորեն նվազեցրեց Ադրբեջանի տարանցիկ դերը և այդ երկրի նկատմամբ հետաքրքրությունն ընդհանրապես:
Հունվարի 7. Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարեց, որ «Բեռլինը չի պատրաստվում արգելափակել Թուրքիայի մուտքը Եվրամիություն», սակայն նշեց, որ Թուրքիան պետք է բարեփոխումների լայնամասշտաբ ծրագիր իրագործի` Եվրամիության չափանիշներին համապատասխանելու համար: «Գերմանիայի ներկայիս կառավարությունը հարգում է ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակական գործընթաց են իրենցից ներկայացնում: Որևէ բան ինքնաբերաբար չի կարող ի կատար ածվել: Ավելին, որևէ մեկը չի կարող երաշխավորել այդ բանակցությունների դրական ելքը»,- գերմանացի դիվանագետի այս խոսքերն ընկալվեցին Անկարային հասցված ապտակ:
Հունվարի 9. Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրապարակավ հակադարձեց Գերմանիայի ԱԳՆ-ին. «Եթե Եվրամիությունը հայտարարի նոր պայմանների կատարման անհրաժեշտության մասին կամ մեզ առաջարկի սահմանափակ անդամություն, մենք կհրաժարվենք Եվրամիությանը միանալու ծրագրերից»:
Հունվարի 11. Հայտնի դարձավ, որ հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու համար ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպելու է ԱՄՆ հայկական համայքնի ներկայացուցիչների հետ:
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրնովսկին լատվիական «Neatkarigas Rita Avize» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարբաղի անկախությունը:
Հունվարի 12. ՀՀ Սահմանադրական դատարանը վճռեց, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:
Հունվարի 13. Lոնդոնի King’s College համաժողովում ունեցած ելույթում հարցին` արդյոք Թուրքիան կվավերացնի՞ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները առանց նախապայմանների, Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է. «Այս հարցում մեր կառավարությունը անում է ամենը, ինչ հնարավոր է»: Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մոսկվայի համալսարանում ունեցած ելույթում բարձրաձայնել է նախորդիվ բազմիցս հնչեցրած նախապայմանների մասին: Նույն օրը Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը որևէ կերպ չարձագանքեց Ռուսաստանի վարչապետի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական կարգավորման գործընթացների փոխկապակցումն աննպատակահարմար է և մարտավարական, և ռազմավարական տեսանկյունից: Վլադիմիր Պուտինը պնդեց, որ դրանց փոխկապակցումը էլ ավելի կդժվարացնի ու կհեռացնի խնդիրներից յուրաքանչյուրի լուծումը:
Հունվարի 14. Հայաստան այցելած ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ հետ ասուլիսում հայտարարեց, որ Լեռնային Ղարբաղի և հայ-թուրքական կարգավորման գործընթացները շաղակեպլը կոռեկտ չէ: ՌԴ ԱԳ նախարարը նաև վստահեցրեց, որ Ռուսաստանը սեփական էներգետիկ շահերը չի գերադասելու ԼԵռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներից: Նույն ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՀՀ ՍԴ որոշումը լուրջ ազդանշան է Թուրքիային:
ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը հերքեց այն լուրերը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդյան սկզբունքների լրամշակված տարբերակը փոխանցել են հայկական կողմին: Այս հայտարարությունը փորձագետներին հիմք տվեց ենթադրելու, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում մոտալուտ զարգացումներ չեն ակնկալվում:
Հունվարի 15. Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարեց, որ Թուրքիան նոր սահմանադրության կարիք ունի:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունների գործընթացը չպետք է կապվի հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Միաժամանակ, մեկնաբանելով ՀՀ ՍԴ որոշումը, դեսպանը նշեց, որ գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է. «Մենք հույս ունենք, որ Թուրքիան կկարողանա հաղթահարել այդ խոչընդոտները և հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում առաջ կընթանա»:
Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարությանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատասխանեց հայրենիք վերադառնալուց հետո` «Սաբահ» օրաթերթին տված հարցազրույցով, որտեղ կրկնեց նախապայմանների մասին նախորդ հայտարարությունները:
Հունվարի 16. Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր հերթին հաստատեց, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ, իսկ հաջորդ օրը մեկնեց Ստեփանակաերտ, որտեղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հակամարտության լուծման ուժային տարբերակն անընդունելի է բոլոր դեպքերում:
Հունվարի 18. «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն, ամփոփելով անցած տարին, խոսեց հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի առանցքային խնդիրների շմասին: Նա վստահեցերց, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ իշխանություներն աշխատում են բաց` ներկայացնելով այն, ինչ կա: ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի համատեքստում նախարարն անդրադարձավ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին և վստահեցրեց, որ Հայաստանում դրանք որևէ մեկին չեն տպավորում. «Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ 2010 թվականին էլ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջումների և որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար»:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Մոսկովյան այցի ընթացքում ի թիվս այլ հարցերի նախատեսված էր քննարկել Ադրբեջանի նախագահի ներգրավմամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը:
Թուրքիայի ընդդիմադիր ուժերը հանդես եկան հայտարարություններով` պահանջելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը տեղի «ANS» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը և այն չպետք է կապվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հայտարարեց, որ նախագահների առաջիկա այցից որևէ առաջընթաց ակնկալել պետք չէ:
Ադրբեջանի կառավարության նիստում, Իլհամ Ալիևը խախտելով իր իսկ ավանդույթները, հանդես չեկավ ռազմատենչ հայտարարություններով, բայց` զիջումների չգնալու մասին նախորդ հայտարարությունները:
Հունվարի 19. Թուրքիայի ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որով դատապարտեց ՀՀ ՍԴ որոշումը` նշելով, որ
«այդ որոշումը վնասում է արձանագրությունների բանակցային միտիվներն ու արձանագրությունների հետամտած գլխավոր նպատակը: Մեզ համար անընդունելի է նման մոտեցումը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանեցին Երևան, որետղ հանդիպումներ ունեցան ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ:
Հունվարի 20. Ռեջեփ Թայիբ Էրդողանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպումից հետո դատապարտեց ՀՀ ՍԴ որոշումը. «Մենք, որպես թուրքական պետություն, երբեք հարկադրված համաձայնության չենք կարող գնալ: Բառերի արանքում, նախադասությունների արանքում թաքնված մոտեցումներ կան»: Նա պահանջել է, որ Երևանում վերանայեն որոշումը:
ՀՀ արտգործնախարարի նախաձեռնությամբ հեռախոսազրուցյ է տեղի ունենում Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի միջև: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ, այդ զրույցի ընթացքում հայ նախարարը զարմանք է արտահայտել Թուրքիայի տարածած հայտարարությունների առնչությամբ և թուրք գործընկերոջը առաջարկել է հավատարիմ մնալ արձանագրությունների տառին և ոգուն և արագ առաջ ընթանալ` հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցում:
Հունվարի 21. Հայտնի դարձավ, որ Թուրքիայում փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության հարցը արդեն իսկ տեղափոխվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 25-ին` Սոչիում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ թուրքական կողմը կկատարի ստանձնած պարտավորությունը և հետամուտ կլինի արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նույն օրը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահի հետ:
Հունվարի 22. Տարեկան ամփոփիչ ասուլիսում խոսելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մասին` ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՍԴ որոշման շահարկմամբ թուրքական կողմը փորձում է գործընթացը ձգձգելու պատրվակներ գտնել, ինչը հաջողություն չի ունենալու և արժանանալու է միջազգային հանրության հակազդեցությանը: ԼՂ հիմնահարցի բանակցություններում առաջընթացը ՀՀ ԱԳ նախարարը պայամնավորեց Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմամբ:
Հյտնի դարձավ, որ նախագահի հունվարի 21-ի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ԼՂՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Օլեգ Եսայանը:
Թուրքկան «Թարաֆ» (Taraf) թերթը տեղեկություն տարածեց այն մասին, որ երկրում բացահայտվել է հերթական զինված հեղաշրջման փորձը` «Բոլյազ» անվամբ: Վերջին երկու տարում, սա Թուրքիայում ռազմակն հեղաշրջման ձախողված երկրորդ փորձն է: Նախկին` «Էրգենեկոնի» գործով Թուրքիայում հայրուրավոր գործիչներ են ազատազրկվել:
Մոսկվայում կայացած ասուլիսում Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմամբ կշարունակվի նախորդ տարի երկու նախագահների միջև եղած երկխոսությունը, որին աջակցում է նաև Ռուսաստանը: Նա նաև անդրադարձել է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հարաբերությանը` նշելով, որ դրանցից որևէ մեկն առաջնահերթություն չունեն` այդ սկզբունքների որոշակի հիերարխիա հաստատելու միակ փորձն արվել է 1970 թվականին ընդունված ՄԱԿ-ի հատուկ բանաձեւում, որտեղ ասվում էր, որ պետության տարածքային ամբողջականությունը հնարավոր է միայն այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պահպանման դեպքում, և բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: «Ենթատեքստը հետևյալն է,- մեկնաբանել է Լավրովը,- եթե պետությունը այդ հարցերը լուծելու համար կոպիտ ուժի է դիմում, ապա նրա՝ տարածքային ամբողջականության իրավունքը հարցականի տակ է հայտնվում»: Սա Բաքվում ընկալեցին որպես ապտակ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայատարարությամբ, որով տեղեկացրեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին են ներկայացրել Մադրիդյան սկզբունքների լրամշակված տարբերակը
Թուրքական «Վաթան» (Vatan) թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի խորհրդարանում դռնփակ քննարկվել է հայ-թուրքական արձանագրությունների հարցը: Թուրք խորհրդարանականներն` ի նշան ՀՀ ՍԴ-ի որոշման դեմ բողոքի, պահանջել են արձանագրությունները հետ ուղարկել, սակայն իշխող կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ այդկերպ Թուրքիայի վիճակն էլ ավելի կծանրանա:
Հունվարի 23. Հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու այդ առնչությամբ Թուրքիայի ունեցած մտահոգությունները:
ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ներկայանցել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, ողջունել է ՀՀ ՍԴ որոշումը: Հայաստանում այս հայտարարությունը որակվեց «Անկարայի համար սառը ցնցուղ» և թուրքական դիվանագիտության ֆիասկո: Փորձագետների գնահատմամբ, Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունն ուղղակի հաստատումն էր ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի այն պնդման, որ պատրվակներ փնտրելու Թուրքիայի փորձերը միջազգային հանրությունը մերժելու է:
Հունվարի 25. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները մեկնել են Սոչի` հերթական եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպումից ակնկալիքները տարբեր են` բայց բոլոր դեպքերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացն այս փուլում անիրատեսական է: Սա, ըստ էության, ասված է նաև հանդիպումից անմիջապես առաջ Կրեմլի մամլո գրասնեյակի տարածած հայտարարության մեջ, որում ասված է.
«Նախատեսված հանդիպումը կոչված է վերահաստատել Ռուսաստանի ձգտումը` շարունակել կողմերին ակտիվ միջնորդական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու հարցում»:
Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հակամարտության մասնակիցներին դրսից որևէ դեղատոմս չպետք է պարտադրվի, վերջնական որոշման համար պատասխանատվությունը պետք է կրեն հայերն ու ադրբեջանցիները:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հիմնախնդրի լուծման այն տարբերակին, որը կբավարարի ներգրավված բոլոր կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր:
Կենսունակ կարող է լինել հիմնախնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա Անդրկովկասում հաստատել կայունություն ու հանգստություն, իսկ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում կօգնի պահպանել այնտեղ պատմականորեն հաստատված ուժերի հավասարակշռությունը»:
Աղբյուր` Պանորամա ամ