Հարավային Սուդանում կայացավ ինքնորոշման հանրաքվեն, որի արդյունքում հուլիսին կհայտարարվի ևս մեկ պետության անկախության մասին և աֆրիկյան քարտեզի վրա կհայտնվի ևս մեկ ճանաչված պետություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեն ԼՂ հարցին` Ա. Մարկարովը նշեց, որ այս հանրաքվեն մեզ համար այդքան էլ կարևոր չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է 19 տարի առաջ, սակայն Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը հետաքրքիր է միջազգային քաղաքականության մեջ:
«Որպես անկախանալու մեխանիզմ` ինքնորոշման իրավունքը միջազգային քաղաքականության մեջ սկսում է ակտիվորեն հանդես գալ: Այդ կերպ հանրաքվեները ներմուծվում են միջազգային քաղաքականություն՝ դառնալով ինքնորոշման իրավունքի իրացման միջոց»,- նկատեց քաղաքագետը:
Խոսելով Կոսովոյի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Թիմորի և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին` Ա. Մարկարովը նշեց, որ այդ երկրներում ինքնորոշման իրավունքի իրացման դեպքերն ունեն մի շարք նմանություններ և տարբերություններ: Ըստ բանախոսի, Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի պարագաներում ինքնորոշման իրավունքն իրացվել է` առանց դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ համաձայնություն ձեռք բերելու: Սակայն, ինչպես նշեց քաղաքագետը, Հարավային Սուդանի, Թիմորի և Էրիթրեայի պարագայում անկախության հանրաքվեներն անցկացվում են դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում: /Aysor.am/
|