«Ես այս այցելությունները տեսնում են նախագահի կողմից հռչակված ակտիվ-նախաձեռնողական արտաքին քաղականության շրջանակներում: Ե՛վ Կիպրոս, և՛ Հունաստան կատարած պետական այցերը գալիս են համոզելու, որ մեր արտաքին քաղաքականության օրակարգը շատ մեծ հնարավորություններ ունի: Միաժամանակ ունենք շատ չիրացված հնարավորություններ»,- անդրադառնալով ՀՀ նախագահի Հունաստան և Կիպրոս կատարած պետական այցերի՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, մեր հարաբերությունների խորացումը թույլ է տալիս ակնկալել Կիպրոսի և Հունաստանի՝ որպես ԵՄ անդամ երկրի պաշտպանությունը բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի, Արցախի շահերի պաշտպանությանը Եվրամիությունում:
«ԵՄ անդամ պետության դրական դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից չափազանց կարևոր եմ համարում: Կիպրոսը ԵՄ առաջին երկիրն է, ով միջազգային փոխհարաբերությունների մակարդակով այդ կարգավորման հիմքում դրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գաղափարը:
Իսկ ինչ վերաբերվում է նախագահի Հունաստան կատարած այցին, ապա այնտեղ այդ երկրի նախագահի և խորհրդարանի նախագահների հետ հանդիպումից կարելի է եզրակացնել, որ Հայաստանն ու Հունաստանը նոր մակարդակի են «հասցնում» միմյանց հետ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական բնագավառում»,- եզրակացրեց Գ. Մինասյանը:
Պատգամավորը շատ կարևորեց տարածաշրջանում Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների տեսակետները Թուրքիայի դերի մասին, հատկապես Թուրքիայի կողմից նշմարվող նոր օսմանիզմի քաղաքականության վերաբերյալ:
«Հունաստանը, Կիպրոսը և Հայաստանը կտրուկ դեմ են այդ քաղաքականությանը, քանի որ հատկապես մեր ժողովուրդներն են, որ շատ են տուժել Օսմանյան կայսրության իրականացրած քաղաքականությունից: Իսկ եթե ԵՄ անդամ երկրներն են իրենց ձայնը բարձրացնում, ապա ակնհայտ է, որ միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք կձևավորի այդ քաղաքականության վերաբերյալ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին առ այն, թե եթե կողմերից ինչ-որ մեկը պետք է նախապայմաններով հանդես գա, ապա դա Հայաստանն է՝ պատգամավորը նշեց. «Սա լուրջ նախազգուշացում է Թուրքիային և լուրջ ուղերձ համաշխարհային հանրությանն առ այն, որ Թուրքիայի կողմից այսպիսի պահվածքի շարունակականությունը հղի է Հայաստանի կողմից ուղղված ջանքերի ապարդյուն դարձնելուն: Իսկ նոր գործընթացի պարագայում, մենք շատ ավելի լուրջ հիմքեր կունենանք ինքներս նախապայման դնելու համար»:
Նրա կարծիքով, այս այցերը նոր մակարդակի վրա է բարձրացնում Հայաստանի քաղաքական հավակնությունները տարածաշրջանում, և առավել քան համոզված եմ, որ այն հայտարարությունները, որոնք հնչեցվել են նախագահի այցերի ժամանակ ընկալելի են միջազգային հանրության կողմից:
/Panorama.am/
|