Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2010թ.-ին արձանագրեց այն փաստը, որ հանրությունը բավականին վստահություն ունի գրասենյակի գործունեության նկատմամբ և ձեռք է բերել զգալի ճանաչողություն: Այս մասին այսօր Հաշտարարի գրասենյակի գործունեության 2-ամյակին և 2010թ.-ի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնեց Հայաստանում ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Նրա խոսքերով, 2009թ.-ի հունվարի 24-ից գործունեություն ծավալող գրասենյակն արձանագրել է, որ ժամանակի ընթացքում կա բողոքների ընդհանուր թվի կայուն աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների իրազեկության բարձրացման մասին: Այդ մասին վկայում են ինչպես 2010թ.-ի գործունեության արդյունքները, այնպես էլ վիճակագրական հարցումները, որն անցկացրել է ՀՀ կենտրոնական բանկը: Հարցումների արդյունքում` հարցվածների 99%-ը գիտի ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասին, իսկ 96%-ը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական կազմակերպությունների հետ խնդիր ունենալու դեպքում դիմել Հաշտարարի գրասենյակ:
«Մենք շարունակելու ենք մեր կողմից որդեգրած քաղաքականությունը` վեճերը հարթել հաշտության համաձայնության միջոցով: Հաշտարարի կողմից առաջարկություն է ներկայացվել ֆինանսական կազմակերպություններին` փորձել խնդիրը լուծել հաճախորդների հետ փոխհամաձայնեցված տարբերակով, այլ ոչ թե կատարել պարտադիր կատարման ենթակա որոշումներ»,- նշեց Փ.Սարգսյանը:
Ըստ նրա, նախորդ տարի ստացված բողոքների 70%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների, 60 %-ը` հաշտության համաձայնությունների միջոցով: Ֆինանսական հաշտարարի խոսքերով, դա լավ ցուցանիշ է, նույնիսկ միջազգային գործընկերներն են այդ մասին ասել: Նշվեց նաև, որ ընդհանուր առմամբ, հաշտարարի գրասենյակն ստացել է 700 բողոք, որից 450-ը ենթակա է եղել Հաշտարարի քննությանը: Բողոքները հիմնականում բանկերի դեմ են (419 բողոք), երկրորդ տեղում գտնվում են գրավատները (80 բողոք), երրորդում` վարկային կազմակերպությունները (75 բողոք): 2010թ.-ին ապահովագրական կազմակերպությունների դեմ ստացվել է 63 բողոք: Նշված ժամանակատվածում գրավոր պահանջի ներկայացմամբ քննության է ընդունվել 110 դիմում, որից հաշտեցման միջոցով բավարարվել է 39-ը, մերժվել` 28-ը, մասնակի բավարարվել 24-ը: Ի դեպ, այդ 110 բողոքներից 48 ուղղված են եղել բակերի դեմ, 15-ը` ապահովագրական ընկերությունների, 39-ը` գրավատների, 7-ը` վարկային կազմակերպությունների դեմ:
Փ.Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ բանկերի դեմ ուղղված բողոքները հիմնականում վերաբերում են վճարահաշվարկային, վարկային, ավանդային գործառնություններին, դրամական փոխանցումներին, ինչպես նաև` քարտային զեղծարարություններին:
Ֆինանսական Հաշտարարը նշեց, որ գրասենյակի կողմից 2010թ.-ին 5 կազմակերպություններ ճանաչվել են «Լավագույն համագործակցող» ֆինասական կազմակերպություններ: Դրանք են` HSBC բանկ Հայաստանը, «Բիբլոս բանկ Արմենիա» , ՎՏԲ Հայաստան բանկերը, ինչպես նաև ԻՆգո-Արմենիա և Ռոսգոստրախ Արմենիա ապահովագրական ընկերությունները, որոնց գրասենյակի կողմից վկայագրեր հանձնվեցին:
/Panorama.am/
|