Թուրքական Interajans կայքէջի փոխանցմամբ՝ Էրդողանը ասել է. «Գործողությունը Հայաստանի Սահմանադրական դատարանում գաղտնի է արվել։ Իհարկե Թուրքիան չի կարող ընդունել գաղտնի ներկայացված մոտեցումներ։ Մենք Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները առանց փոփոխության անմիջապես մտցրեցինք թուրքական խորհրդարան»: «Արձանագրությունների մեջ ոչ մի բառ չփոխեցինք եւ ցույց տվեցինք մեր անկեղծությունը, իսկ Հայաստանը արձանագրությունների վրա գործողություն է իրականացնում։ Անհրաժեշտ է, որ դրանք նախկին ձեւին բերվեն։ Այդ սխալը չուղղելու պարագայում՝ գործընթացում ձգձգումներ կլինեն», — հավելել է նա։
Ըստ Էրդողանի՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարող այս գործընթացից դուրս լինել։ "Ես դա արձանագրությունների ստորագրումից առաջ էլ, հետո էլ ասել եմ։ Այդ մասին պարոն Մեդվեդեւի եւ պարոն Օբամայի հետ հանդիպումներին էլ եմ ասել։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, սակայն նախ Հայաստանը պետք է վերջացնի «բռնազավթումը»,-նշել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հունվարի 19-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանության մասին, հակասում է «արձագրությունների ոգուն եւ բովանդակությանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»:
«Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,- ասել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, որը այսօր՝ հունվարի 20-ին զանգահարել եւ իր տարակուսանքն է հայտնել Ահմեդ Դավութօղլուին՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ: