Պաշտոնական այցով Ուկրաինա մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական «Birgun» (Բիրգյուն) պարբերականի թղթակից Ադեմ Յավուզ Արլսանը ինքնաթիռում հանձնել է իր հեղինակած «Մի հայ կա, Հրանտ Դինքի սպանության գաղտնազերծումը» գիրքը:
Ստանալուն պես Էրդողանը հետաքրքրվել է սպանության մանրամասներով և նրանց միջև ծավալվել է հետևյալ զրույցը:
Էրդողան - Որպես հանցագործության վայր, ո՞րն ես գրել, Տրապիզոնը թե՞ Շիշլին:
Արսլան -Բոլոր մանրամասները աշխատել եմ հաշվի առնել. Անկարա, Ստամբուլ և Տրապիզոն: Ավելի շատ փորձել եմ ներկայացնել սպանությանը նախորդող շրջանը և այն, թե Թուրքիան ինչպես է պատրաստվել սպանությանը:
Էրդողան - Մարդասպանը հայտնի է, բայց դեռ ճշգրտված չէ ղեկավար կենրոնը: Այնտեղ ո՞վ կա:
Արսլան - Բացահայտումներն ու ապացույցները մի տեղ են տանում: Ինչպես հայտնի է, նման սպանությունները որոշակի հոգեբանական մթնոլորտում են կատարվում: Ասում են` այս տեսակ սպանությունները կրոնական ազդեցությամբ են լինում…Այս հարցում քննդատություններ կան այն առումով, որ կառավարությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել:
Էրդողան - Մենք 36 ժամվա ընթացքում մարդասպանին և նրա հետ առնչվածներին ձերբակալեցինք: Մնացածը արդարադատության գործն է: Սակայն նրանք 4 տարվա ընթացքում դատական գործընթացները չկարողացան ավարտին հասցնել: Ի վերջո, մարդասպանի դատական գործը փոխանցվեց անչափահասների դատարան: Մեզանից ինչ պահանջվում էր, արեցինք: Մնացածը պետք է դատարանից պահանջել:
Հիշեցնենք, որ պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագօս» թերթի խմբագրատան առջև: Նրա սպանության մեջ մեղադրվում է այն ժամանակ դեռ անչափահաս Օգյուն Սամասթը: Մեղադրանք է ներկայացվել նաև Սամասթին սպանության դրդած Յասին Հայալի և Էրհան Թունջելի դեմ:
/Panorama.am/
|