Հայկական բանակը տարբերվում է այլ երկրների զինված ուժերից, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Մեր բանակի առանձնահատկությունն այն է, որ քսանչորս ժամ մարտական հերթապահություն իրականացնող, այսինքն խրամատավորված բանակ է, ինչն ուրույն նկարագիր է ձևավորում մեր բանակի շուրջ», - ասաց բանախոսն`ընդգծելով, որ այդ հանգամանքն է ավելացնում պատասխանատվության զգացումը:
«Սա նաև հոգեկան լարվածություն է ենթադրում և այս առումով, իսկապես, պետք է շնորհակալ լինենք զինծառայողներին, որոնք փառքով, պատվով կատարում են խնդիրը։ Առաջին գծում կայուն է` չնայած հրադադարի ռեժիմի խախտումներին», - ասաց ռազմական հոգեբանը:
Դ.Ջամալյանն ընդգծեց, որ այժմ ազգային բանակը կառուցվածքային լուրջ բարեփոխումների ընթացքի մեջ է, որը զուգորդվում է թե հաջողություններով և թե անհաջողություններով ու տհաժ միջադեպերով:
«Լավատես եմ այն առումով, որ մի որոշ ժամանակ անց, մենք կունենանք կայացած սերժանտական ինստիտուտ. ուղղակի պետք է հանրամատչելի ձևով ներկայացնենք այդ ինստիտուտի կարևորությունը: Շատ կարևոր է, որ բանակը դարձել է մի քիչ հրապարակային, կարևոր է, որ ձևավորվել է այն տեսակետը, որ պետք է բարձրաձայնել պրոբլեմների մասին` իհարկե, չարատավորելով բանակի ընդհանուր նկարագիրը», - նշեց բանախոսը, շեշտելով, որ չպետք է անտեսել բանակում առկա խնդիրները, ավելին՝ պետք է ամեն ինչ անել դրանց լուծման համար:
«Կարևորն այն է, որ վերևից պարտադրվում է խոսել խնդրի մասին, այն հրապարակային դարձնել: Սա հենվում է մի օրինաչափության վրա. «Եթե դու թաքցնում ես խնդիրը, տարածվում են ասեկոսեներ»: Ավելի լավ է` խոսել խնդրի մասին, լուծել այն, մեղավորին պատժել, որոնց կողքին նաև կան պարտաճանաչ, համեստ մարդիկ, ովքեր նվիրված են իրենց գործին: Պետք է նկատել և լավը, և վատը»,- ասաց ռազմական հոգեբանն` ընդգծելով, որ խնդիրների առկայությունը չի նշանակում, որ պետք է վարկաբեկել ազգային բանակը: /Aysor.am/
|