«Բաքուն խիստ անհանգստացած է վերջին շրջանում հարավային Սուդանի անկախության հարցով, որոնհետև քաջ գիտակցում է, որ հաջորդը կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պաշտոնական ճանաչումը»,- այսօր 1990 թ. Բաքվի հայկական ջարդերի 21-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նրա հավաստմամբ, հենց այս ամենից դրդված Ադրբեջանի արտգործնախարարությունը, ի դեմս արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի, վերջերս հանդես եկավ մի անհեթեթ հայտարարությամբ, որով փորձում է, այսպես կոչված, նորացնած Մադրիդյան սկզբունքները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների Մուսկոկայում արված հայտարարությունը ներկայացնել որպես լուծման փուլային տարբերակի տարրեր՝ հիմնված Ադրբերջանի տարածքային ամբողջականության վրա:
Ըստ Գրիգորի Այվազյանի, շահարկելով այն փաստը, որ Մուսկոկայի հայտարարության մեջ, որպես բաղադրիչ արծարծված է նաև փախստականների`իրենց բնակության վայրեր անարգել վերադառնալու հարցը, ադրբեջանական կողմը ամեն կերպ ցանկանում է ընդգծել, որ խոսքը վերաբերվում է միայն ադրբեջանցի փախստականների՝ նախկին ԼՂԻՄ-ի և նրան հարակից տարածքների անարգել վերադարձին:
Սակայն, ինչպես նշեց Գրիգորի Այվազյանը, այստեղ խոսքը գնում է բոլոր փախստականների` իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու անխախտելի իրավունքի մասին, և այդ մասին փաստում են համապատասխան միջազգային կազմակերպություններից ստացված արձագանքները:
/Aysor.am/
|