Wikileaks-ը նորվեգական Aftenposten թերթի միջոցով հրապարակել է հերթական բացահայտումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից (BAKU 000917), որտեղ արտահայտվում են ադրբեջանական պնդումները Հայաստանի եւ ԼՂՀ տարածքով Իրանից թմրանյութերի տեղափոխման մասին:
Դեսպանատան աշխատակիցը նշում է, որ Իրանից տեղափոխվող թմրանյութերի ծավալները, որոնք տարանցվում են Ադրբեջանի տարածքով, աննախադեպ աճ են արձանագրում: Իշխանությունները առգրավում են այդ ծավալների միայն 5%-ը, մինչդեռ մնացած գրեթե 95%-ը արտահանվում է եվրոպական շուկաներ:
Իրանի եւ Ադրբեջանի համագործակցությունը այս հարցում շարունակում է մնալ «միայն մակերեսային» մակարդակի: Աճի նման տեմպերի պատճառներից մեկը, ըստ դեսպանատան աշխատակցի, այն է, որ ռուսական շուկան ենթադրաբար վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից, ինչպես նաեւ օգտագործվում են թուրքական Քրդստանից եկող ճանապարհները:
Ըստ այս դիվանագիտական առաքման, Իրանից դեպի Սեւ ծով Լեռնային Ղարաբաղի տարածքներով տեղափոխումը եւս շարունակում է խնդրահարույց մնալ: Տարանցման ճանապարհներից հայտնի են Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սեւ ծով, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան-Բալթիկ երկրներ, ինչպես նաեւ ենթադրյալ ուղիները, որ անցնում են հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներով:
Դեսպանատան աշխատակիցները, ինչպես նաեւ որոշ ադրբեջանցի պաշտոնյաներ կարծում են, որ որոշ բարձրաստիճան քաղաքական եւ իշխանական պաշտոնյաներ, ներառյալ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, անձնական շահույթներ ունեն այս առեւտրից:
/Panorama.am/
|